Հնդկաստանը նախատեսում է 2013թ. դեպի Մարս տիեզերական սարք ուղարկել
Հնդկաստանն այս տարվա ընթացքում մի քանի տիեզերական առաքելություն է նախատեսում, որոնց շարքում առաջին հնդկական տիեզերական սարքի ուղարկումն է դեպի Մարս: Տիեզերքի ուսումնասիրման ազգային ծրագրի հավակնոտ հեռանկարներն այսօր ներկայացրել է երկրի նախագահ Պրանաբ Մուքերջին, հաղորդում է РБК-ն` հղում կատարելով հնդկական ԶԼՄ-ներին:
Դեպի Մարս տիեզերական սարքի մեկնարկը նախատեսված է 2013թ. հոկտեմբերին: Այդ նպատակով կօգտագործվի PSLV կրող հրթիռը, որը ստեղծվել է տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպության կողմից:
Սարքը դեպի Կարմիր մոլորակ կընթանա մոտ 300 օր և պետք է դուրս բերվի Մարսի ուղեծիր 2014թ. սեպտեմբերին:
Հետազոտական առաքելությունն ուղղված կլինի Մարսի վրա կյանքի նախանշանների հետազոտությանը և մարսիական մթնոլորտի մեծ մասի ցրման պատճառներն ուսումնասիրելուն:
Նաև 2013թ. Հնդկաստանը նախատեսում է մերջերկրային ուղեծիր դուրս բերել հնդկական տարածաշրջանային արբանյակային տեղորոշման (IRNSS) համակարգի 7 արբանյակներից առաջինը: Նման կերպ Հնդկաստանը սեփական GPS համակարգն է ստեղծում:










