Facebook-ն արգելափակել է NBC կայքի հասանելիությունը
Facebook ընկերությունը երեկ սահմանափակել է օգտատերերի մուտքը NBC հեռուստաընկերության կայքէջ այն բանից հետո, երբ այն ցանցահենների հարձակմանն է ենթարկվել, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Facebook-ից NBC կայք մուտք գործելու ընթացքում օգտատերը նախազգուշացում է ստանում, որ կայքն արգելափակվել է, քանի որ այն կարող է վտանգավոր լինել Facebook-ի օգտատերերի համար։
Ավելի վաղ ծրագրավորողները հայտնել էին, որ NBC-ի կայքը վտանգավոր ծրագրով է վարակված, և մի քանի րոպեով կայք այցելելու ընթացքում համակարգիչը կարող է վարակվել վիրուսով։
Պաշտոնապես այդ տեղեկությունը չէր հաստատվել։
NBC-ին հանդիսանում է ամերիկյան հեռուստատեսային ամենախոշոր ցանցը։ Կիբերհարձակման մասին տեղեկությունը տարածվել էր մի շարք խոշոր մեդիաընկերությունների և ամերիկյան այլ կազմակերպությունների կայքերը վնասելու գործի հետաքննության ընթացքում։
Հունվարին հարձակման էին ենթարկել The New York Times-ը, The Wall Street Journal- ը, իսկ փետրվարին՝ Twitter և Facebook սոցիալական ցանցերն ու ԱՄՆ էներգետիկայի նախարարության կայքը։










