VW-ը սերիական թողարկման կդնի 100կմ/0.9լ վառելիքի ծախսով XL1 մոդելը (լուսանկարներ)
Volkswagen-ը պաշտոնապես հայտարարել է «մեկլիտրանոց» ավտոմեքենայի՝ XL1-ի սերիական տարբերակի թողարկման մասին, որը հանրությանը կներկայացվի Ժնևի ավտոսրահում: Դրա հետ մեկտեղ ընկերությունը ներկայացրել է նաև նորույթի տեխնիկական տվյալները, որոնք երկար ժամանակ գաղտնի էին պահվում: Նոր մեքենան մի քանի ցուցանիշներով համաշխարհային ռեկորդների է հավակնում:
Առաջինն այն է, որ XL1-ը, ըստ Volkswagen-ի, ընթացքի ժամանակ դիմային դիմադրության ցուցանիշով աշխարհում ամենահաջողված մեքենան է: Նրա աերոդինամիկ հակազդեցության ցուցանիշը (0,189) աշխարհում լավագույնն է ճանաչվել: Բացի այդ, այն նաև ամենատնտեսող սերիական մեքենան է, որը 0,9 լ վառելիք է ծախսում 100 կմ ճանապարհ անցնելու համար:
Տարածության մի մասը՝ մինչև 50 կմ, այն կարող է անցնել բացառապես էլեկտրական ռեժիմով, սակայն դիզելային շարժիչի և 10-լիտրանոց վառելիքի տարողության հաշվին տարածությունը մեծանում է համապատասխանաբար` 10 անգամ:
XL1-ի ուժային ագրեգատը բաղկացած է երկու գլանային դիզելային շարժիչից, որը 0,8 լ աշխատանքային ծավալ ունի և էլեկտրական շարժիչից, որոնք զարգացնում են 47 և 27 ձիաուժ, համապատասխանաբար:
Հետաքրքրական է, որ չնայած իր բացառիկ տնտեսող հատկություններին, XL1-ը բավական դինամիկ մեքենա է, 0-100 կմ/ժ արագացումը 12.7 վայրկյան է տևում, իսկ առավելագույն արագությունը էլեկտրոնային եղանակով սահմանափակվել է 160կմ/ժ արագությամբ:
Խոստացված է, որ ավտոլրագրողների կողմից «ունիկում» մականունը ստացած բացառիկ մեքենայի կառավարելիությունը ևս սպորտային ենթահող կունենա, որը հիմնականում կապահովվի ծանրության կենտրոնի ցածր տեղակայմամբ, աերոդինամիկայով և կոմպակտ չափերով:
Երկարությամբ և լայնքով XL1-ը համադրելի է VW Polo-ի հետ, սակայն բարձրությամբ նույնիսկ ավելի ցածր է, քան Porsche Boxster-ը:
Մեքենան համալրված է «թիթեռնիկի թևեր» տեսակի դռներով, ածխապլաստիկե թափքով, որը միայն 230 կգ քաշ ունի, ալիումինից և կարբոնից կախոցներով և կերամիկական արգելակներով, ինչպես նաև մագնիումային անվահեծերով:
XL1-ում առկա ընդհանուր մետաղի քանակը միայն 23% է, մնացածը պալիմերներ են:
Հայտնի է, որ Volkswagen-ը սկզբում միայն 50 օրինակ XL1 կարտադրի, որից հետո դրանք բացառապես հատուկ պատվերով կհավաքվեն:
Դեռևս անհայտ է, թե որքան կարժենա մեքենան: Սակայն բացառված չէ, որ այդ ոլորտում ևս «մեկլիտրանոց ունիկումը» ինքնատիպ ռեկորդ կսահմանի:










