Ուրալի գիտնականները հայտնաբերել են երկնաքարի դեռևս ամենախոշոր բեկորը
Ուրալի դաշնային համալսարանի գիտնականներին արշավի ընթացքում հաջողվել է հայտնաբերել օրեր առաջ երկնաքարի ընկած բեկորներից ամենախոշորը, որը կշռում է ավելի քան 1 կգ, հայտնում է Взгляд-ը։
Գիտարշավի ղեկավար Վիկտոր Գրոխովսկին նշել է, որ բացի ամենախոշոր բեկորից, իրենց հաջողվել է 100-ից ավելի բեկորներ հայտնաբերել։ Նրա փոխանցմամբ՝ մոտ ժամանակում նոր գիտարշավներ չեն սպասվում։
Մինչ այդ, ՌԴ Չելյաբինսկի մարզի իշխանությունները հայտարարել էին, որ երկնաքարի բեկորների ընկնելու հետևանքով առաջացած ավերածությունների 90%-ն արդեն վերացվել է, իսկ ինչ վերաբերում է ճառագայթային ֆոնին, ապա այստեղ ևս ամեն ինչ նորմայի սահմաններում է։ Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ հիվանդանոցներում դեռևս շարունակում է մնալ 38 մարդ, որոնց թվում երեխաներ չկան։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Ուրալում երկնաքար է ընկել, որի բեկորներն ընկել են մասնավորապես Չելյաբինսկի մարզում։ Միջադեպի հետևանքով տուժել է 1.200 մարդ, իսկ հասցված վնասի չափը մասնագետները գնահատել են 1 մլրդ ռուբլի։
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, երկնային մարմնի պայթյունը գնահատել է 500 կտ, ինչը 30 անգամ ավելի հզոր է Հիրոսիմայի վրա նետված ռումբի հզորությունից։ Սակայն ռուս գիտնականները համակարծիք չեն իրենց ամերիկացի գործընկերների հետ՝ նշելով, որ պայթյունի հզորությունը եղել է 100-200 կտ։










