Թրենդեր, նորույթներ և հրաշքներ.Բարսելոնայում մեկնարկել է Համաշխարհային բջջային կոնգրեսը (լուսանկարներ, տեսանյութեր)
Գաջեթների արտադրությամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերությունները մեծ ոգևորությամբ իրենց վերջին ձեռքբերումներն են ներկայացնում ու այս տարվա թրենդերը թելադրում Բարսելոնայում մեկնարկած Համաշխարհային բջջային կոնգրեսի շրջանակներում, հայտնում է The Telegraph-ը։
Աշխարհի տարբեր անկյուններից տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել բջջային տեխնոլոգիաների ամենաթարմ նորույթներին ծանոթանալու համար։
Միջոցառման շրջանակներում իրենց նորույթներ են ներկայացրել թայվանական HTC-ն, ֆիննական Nokia-ն, ռուսական Yota-ն, ճապոնական Sony-ն, LG-ն և հարավկորեական Samsung-ը, որը ներկայացրել է 8-րդ սերնդի նոր Galaxy Note-ը։
Այդ նորույթների շարքում առանձնանում են Nokia-ի նոր մոդելի 4 բյուջետային սմարթֆոնները, որոնցից ամենաէժանը 15 դոլար է։ Բացի այս նորույթներից, ֆիննական ընկերությունը ներկայացրել է Lumia սմարթֆոնի առավել էժան տարբերակները՝ Lumia 520-ն ու 720-ը։
Իսկ LG ընկերությունը ներկայացրել է հեղափոխական «Ֆաբլեթ» սարքը, որը սմարթֆոնի և պլանշետային համակարգչի «խաչասերված» արտադրանքն է։ LG Optimus G Pro անվանումով գաջեթն ունի 5,5 դույմանոց էկրան, 13 մեգապիքսելանոց տեսախցիկ ետևում և 2,1 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ առջևում, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և գործում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգի հիման վրա։
Սակայն Բարսելոնայի Համաշխարհային բջջային կոնգրեսին իր արտադրանքներից և ոչ մեկով չի ուրախացրել ամերիկյան Apple-ը, քանի որ «խնձորային հսկան» դեռևս ներկայացնելու բան չունի։










