Մեկ շաբաթ տևող կիսատ քունը կարող է «քաոս» առաջացնել մարդու օրգանիզմում
Վաղուց հայտնի է, որ քնի անբավարարությունը մեզ դարձնում է ավելի զգայուն, իսկ մեր արտաքինը դառնում է ավելի վատը, գրում է InoPressa-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին:
Ըստ նոր հետազոտությունների արդյունքների՝ գիտնականները հավաստում են, որ մեկ շաբաթվա վատ քունը կարող է ազդել հարյուրավոր գեների աշխատանքի վրա՝ բարձրացնելով մարդու կյանքի համար վտանգավոր հիվանդությունների զարգացման վտանգը, որոնք կապված են սթրեսի, դիմադրողականության և նյութափոխանակության հետ:
Հետազոտությանը մասնակցել է 26 կամավոր, որոնց չեն թույլատրել մեկ շաբաթվա ընթացքում լիարժեք քնել: Այս ժամկետի ավարտից հետո նրանից անալիզներ են վերցրել: Արդյունքները համեմատվել են նախորդ տվյալների հետ, որոնք ստացվել էին հենց նույն կամավորներից վերցված անալիզներից, երբ նրանք մեկ շաբաթ առողջ քուն են ունեցել:
Սուրրեյի համալսարանի պրոֆեսոր Դերկ-Յան Դիյկի գլխավորությամբ աշխատող գիտնականներն իրենց հետազոտության արդյունքների մասին գրել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում: Ոչ տևական գիշերային քունը, որը տևում է 6 ժամից քիչ, «նույնացվում է առողջության համար վատ հետևանքների հետ», նշում են գիտնականները:










