Իսրայելում բարձր արագության ուղղահայաց թռիչքի անօդաչու է ստեղծվում
Իսրայելական Urban Aeronautics ընկերությունը զբաղվում է բարձր արագության ուղղահայաց թռիչքի և վայրէջքի անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ստեղծմամբ` AirMule ԱԹՍ-ի հիմքի վրա, հաղորդում է Flightglobal-ը:
Նախագծի վրա աշխատանքները սկսվել են դեռ 2009թ., երբ իրականացվել էին նման անօդաչուի մոդելի աերոդինամիկ խողովակում առաջին փորձարկումները: Օդային հոսքի արագությունը փորձարկման ժամանակ կազմել էր 465 կմ/ժ:
Ինչպես սպասվում է, բեռնատար անօդաչուի տարբերակը, որը կկարողանա նաև բարձր արագություն զարգացնել, կստանա 1600-ձիաուժանոց շարժիչ: Այն 1,4 տոննա քաշով AirMule-ից մոտ 20 տոկոսով մեծ կլինի և 50 տոկոսով ծանր:
Նախնական հաշվարկներով, նոր անօդաչուն կկարողանա ավելի քան 400կմ/ժ արագություն զարգացնել և զորքերի կողմից մեծ պահանջարկ կունենա որպես անվտանգ տրանսպորտ՝ զենք-զինամթերք և թիկունքային ապահովման այլ միջոցներ դեպի ռազմական գործողությունների գոտի մատակարարելու համար:
Urban Aeronautics ընկերության AirMule ԱԹՍ-ն 1,4 տոննա քաշ ունի և կարողանում է մինչև 635 կգ բեռներ տեղափոխել: Այն 160կմ/ժ արագություն է զարգացնում և թռիչքներ է իրականացնում 3700 մ բարձրության վրա` օդում մնալով մինչև 5 ժամ:











