HP-ն ներկայացրել է 169 դոլարանոց Android պլանշետը
Ամերիկյան HP ընկերությունը Բարսելոնայում կայացած Համաշխարհային բջջային կոնգրեսի շրջանակներում ներկայացրել է Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող Slate 7 պլանշետային համակարգիչը, որի գինը, ի տարբերություն շուկայում եղած մյուս նմանատիպ սարքերի, շատ ավելի մատչելի է՝ 169 դոլար։
Ինչպես նշում է techcrunch.com կայքը, նորույթը որևէ արտառոց տեխնիկական հատկանիշ չունի. երկմիջուկ 1.6GHz SoC պրոցեսոր, 16×9 էկրան։ Այլ կերպ ասած՝ դրա ամենամեծ առավելությունը մատչելի գինն է։ Կայքը նշում է, որ պլանշետի հետնամասից HP տարբերանշանը հանելու դեպքում այն կդառնա շարքային, որակյալ պլանշետ։
Հիշեցնենք, որ Համաշխարհային բջջային կոնգրեսի շրջանակներում ճապոնական Sony ընկերությունը ներկայացրել է սեփական արտադրության պլանշետային համակարգիչը, որն աշխարհում ամենաթեթևն է, ամենաբարակն ու ջրակայունը։










