Հոգու խորքում մենք վստահ ենք, որ մեզ ռոբոտներն են սպանելու. The Guardian
Ինձ կարող եք վատատես համարել, սակայն ես անդադար բախվում եմ բաների, որոնք ստիպում են մտածել. «Այս բանը անպայման մի օր կմատնի ինձ, բարեկամներիս, ծանոթներիս և բոլորին, ում ես երբևէ տեսել կամ ում մասին երբևէ մտածել եմ, անըմբռնելի դաժան, տանջալից և սարսափելի դանդաղ մահվան», գրում է The Guardian-ում Չարլի Բրուքերը (Charlie Brooker):
Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, նման մտքեր են ինձ համակում ոչ հաճախ, շաբաթական մի քանի օր: Սակայն հենց այսօր դրանք ինձ «այցելեցին», երբ ես մի տեսահոլովակ էի դիտում, որում համակարգչային գրաֆիկայով մի քանի նոր տեխնոլոգիաներ էին ցուցադրվում, որոնց վրա, իբր, աշխատում է ԱՄՆ զինուժը:
Միայն թե խնդրում եմ մի շտապեք ինձ արտաքսել երկրից, ես Պենտագոնի սերվերը չեմ կոտրել ու տեղեկություններ կորզել, ես պարզապես հոդված եմ կարդացել Atlantic-ում, գրում է հեղինակը:
«Այդ տեսնյութը նվիրված էր ապագա ԱԹՍ-ներին`անօդաչու թռչող սարքերին: Իհարկե, դրանք այսօր արդեն լայնորեն կիրառվում են աշխարհի տարբեր շրջաններում, մասնավորապես, Պակիստանում և Իրաքում դրանցով մարդկանց են սպանում արտադրական մասշտաբներով», - նշում է Բրուքերը:
Որ ավելի լավ հասկանաք, թե որքան խորն է խնդիրը, կարող եք պարզապես «Վիկիպեդիայում» նայել «List of drone strikes in Pakistan» էջը և տեսնել, թե ինչքան երեխաներ են արդեն սպանել այդ անշունչ ռոբոտները:
Նախորդ շաբաթ հրապարակվել էր ԱԹՍ-ներից պաշտպանվելու «Ալ-Կաիդայի» խորհուրդների ցանկը: Այն բավական անհույս տպավորություն է թողնում: Հիմնականում, փրկվելու համար խորհուրդ է տրվում դռնից դուռ փախչել և բնակարանների տանիքները ապակու ջարդոնով պատել, որ թռչող ռոբոտների տվիչները շեղելու հնարավորություն լինի:
Նման մեթոդների կարող էին դիմել Ամազոնիայի «կորած» ցեղերը ֆիլմերում, եթե փորձեին պայքարել քիբորգների դեմ:
Թռչող ռոբոտների մեծ մասը, որոնք «սպանությունների առաքելությունն» են իրականացնում` սարսափազդու, առանց պատուհանների հսկաներ են, որոնք Hellfire հրթիռներով են համալրված: Դրանք հսկա, մարտական մեքենաներ են: Դրանք վախեցնում են, քանի որ դրանցից ինչ-որ անամոթ-հիմարություն է հորդում:
Տեսանյութի փոքրիկ ԱԹՍ-ները առավել հիմար տեսք ունեն, սակայն դրանք պոտենցիալ ավելի մեծ վնաս են ներկայացնում, համեմատած այն հսկաներին, որ հիմա Աֆղանստանում են օդ բարձրանում: Դրանք ավելի անտեսանելի, շարժուն և մեծաքանակ են:
Միակ դժվարությունը էլեկտրասնուցման հետ է կապված, չնայած, լուրեր կան, թե աշխատանք է տարվում այն ուղղությամբ, որ շուտով մարդասպան-ռոբոտներն անմիջապես գործողության ժամանակ կկարողանան լիցքավորվել պոտենցիալ զոհի էլեկտրացանցից:
Հասկանա՞լի է: Ահա թե ինչը մեզ կսպանի: Մի վախեցեք միջուկային փորձարկումներից ու զենքերից, ավելի լավ է պատկերացրեք, որ ձեր վրա են թողնում ճնճղուկ-ռոբոտների «երամները», որոնց կտուցի փոխարեն մահաբեր խայթոց է:
Հասկանալի է, որ դուք այլ մահ էիք պատկերացրել, սակայն այն կարող է հենց այդպիսին լինել: Կներեք, որ վախեցնում եմ ձեզ, սակայն ով նախազգուշացված է, նա զինված է: Բայց չեմ կարող պնդել, թե այս նախազգուշացումը կարող է ձեզ ինչ որ կերպ օգնել: Ոչ: Դուք անզոր եք այդ չարիքը կանխել: Այո, ես նույնպես շատ եմ ցավում դրա համար:
Եվ մեկ տխուր լուր, եթե ուշադիր եղաք` տեսանյութը երեք տարվա վաղեմություն ունի: Նշանակում է՝ զարմանալի չի լինի, եթե ենթադրենք, որ Նեվադայում ինչ որ մի գաղտնի արտադրամասում արդեն թևիկներ են ամրացնում մժեղանման մահվան էսկադրոնին:
Ես վստահ եմ, մեզ մինիռոբոտների պատերազմ է սպառնում, և արդեն 2036թ. շրջանում մեզնից շատերը, ամենայն հավանականությամբ, կսպանվեն փոքրիկ ռոբոտների կողմից:
Իսկ այժմ, ներողութուն եմ խնդրում, բայց պետք է շտապեմ տանս տանիքին ապակու ջարդոն լցնել և դռնից դուռ վազել:











