Հայաստանի 50 դպրոցներում կստեղծվեն ռոբոտաշինության խմբակներ
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի և Քաունթերփարթի Հայաստանի հետ համագործակցությամբ, նախաձեռնում է Հայաստանի 50 դպրոցներում ստեղծել ռոբոտաշինության խմբակներ, այս մասին տեղեկանում ենք ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի հաղորդագրությունից:
Նախաձեռնության նպատակն է հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ, զարգացնել ճարտարագիտական մտածելակերպը, ինչպես նաև ապագա ուսանողներին նախապատրաստել տեխնիկական համալսարաններում սովորելուն:
«Տարեցտարի ավելանում է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող և ռոբոտների մրցույթներին մասնակցել ցանկացող երեխաների թիվը, ովքեր, ի դեպ, բավական մեծ հաջողություններ են գրանցում մրցույթների ժամանակ»,– ասել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Զարգացումներին ավելի մեծ ընթացք տալու նպատակով` միությունը նախագծել է ուսումնական խմբակի համար նախատեսված ռոբոտի կոմպլեկտ: Ներկայումս նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, ինչի շրջանակներում Հայաստանի 50 դպրոցների կտրամադրվեն համապատասխան ուսումնական ռոբոտների կոմպլեկտները»,- ավելացրել է նա։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշել է, որ ռոբոտաշինության զարգացումը մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկն է և, հետևաբար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է այդ ոլորտի զարգացումը խրախուսող նախաձեռնություններին:
«Դպրոցական տարիքին հատուկ ոգևորությունը, հետաքրքրությունը, նորը սովորելու և յուրացնելու՝ ներքին պահանջը, դպրոցը դարձնում են իդեալական միջավայր՝ Հայաստանում ռոբոտաշինության ամուր հիմքեր ստեղծելու համար: Վստահաբար, այս երեխաներից շատերը կցանկանան մասնագիտանալ հենց ռոբոտաշինության ուղղությամբ՝ դառնալով աշխարհի այդ գերկարևոր ոլորտում մեր երկրի մրցակցային առավելության կրողները։ Ռոբոռաշինության զարգացումը նաև որոշակիորեն կնվազեցնի «ուղեղների արտահոսքը», - ասել է Ռալֆ Յիրիկյանը։
Դպրոցներում խմբակների դասընթացները նախատեսվում է սկսել 2013թ.-ի սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում` հունիս-հուլիս ամիսներին, նախատեսվում է նաև համապատասխան դպրոցների ուսուցիչների վերապատրաստում: Ուսումնական ռոբոտները հնարավոր կլինեն ծրագրավորել Լաբվյու, «Մայքրոսոֆթ ռոբոտիքս ստուդիո» ծրագրերի միջոցով:
Մինչ այժմ ռոբոտաշինության խմբակներ առկա են Երևանում գործող Այբ դպրոցում, Քվանտ և Պոլիտեխնիկ վարժարաններում, իսկ մարզերից` Ախթալայում, Սիսիանում, Կապանում, Գյումրիում և Թալինում:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը 2008թ.-ից կազմակերպում է ԱրմՌոբոտիքսը, որի նպատակն է զարգացնել ռոբոտաշինությունը Հայաստանում, նպաստել ռոբոտատեխնիկայի ոլորտի ընկերությունների ստեղծմանը, կազմել ոլորտի կրթական ծրագրեր և իրականացնել ՀՀ համալսարաններում, դպրոցներում:
Ծրագրի շրջանակում անց են կացվել «Գծին հետևող ռոբոտ», «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» մրցույթները, գործում են դպրոցական խմբակներ, ձևավորվել է ԱրմՌոբոտիքս ակումբ, կազմակերպվել են քաղաքային ցուցադրություններ, սեմինարներ:










