Շվեյցարական սարքը 2022թ. դեպի Յուպիտեր կուղևորվի

23:59 • 28.02.13

Ինչպես նայտնի է, Եվրոպական տիեզերական գործակալության Juice առաքելությունը, որի նպատակը Յուպիտերի համակարգի և հիմնականում արբանյակների ուսումնասիրությունն է, նախատեսված է իրականացնել 2022թ.: Առաքելության ընթացքում նախատեսվում է 11 գիտափորձ, գրում է շվեյցարական Tagesanzeiger-ը:


Դրանցից երեքը կիրականացնեն Բեռնի համալսարանի գիտնականները:


Եվրոպական գիտնականների ուշադրության կիզակետում կլինեն «գազային հսկայի»` Յուպիտերի երեք արբանյակները:
Հետազոտողներին հետաքրքրում է դրանց կառուցվածքը, մթնոլորտը և սառույցի հսկա շերտի տակ փակված ենթամակերևութային օվկիանոսներում կյանքի առկայությունը:


Ենթադրվում է, որ եթե այնտեղ միկրոօրգանիզմներ կան, ապա դրանք կարող են սառույցի ճեղքերով մակերևույթին հայտնվել:

 

Գիտնականները հենց դրանք պետք է ուսումնասիրեն շվեյցարական սպեկտրաչափերի միջոցով:


Բացի սպեկտրաչափերից, շվեյցարացիներն աշխատում են ևս երկու նախագծերի վրա: Գիտնականները մշակում են Submillimeter Wave Instrument-ը, որը պետք է չափի արբանյակների մակերևույթի և մթնոլորտի ինֆրակարմիր ճառագայթումը:


Իսկ երրորդ գիտական թիմը լազերային բարձրաչափ է կառուցում Հանիմեդ արբանյակի տոպոգրաֆիական քարտեզը կազմելու համար:


Ընդհանուր առմամբ, Juice առաքելությանը մասնակցում է 17 երկրներից ավելի քան 500 գիտնական: Այն Եվրոպական տիեզերական գործակալության ամենաթանկ նախագծերից է, որի արժեքը 2-ից 4 մլրդ եվրո է գնահատվում:
 

Շվեյցարական սարքը 2022թ. դեպի Յուպիտեր կուղևորվի