iPhone-ի նոր հավելվածը ստուգում է օգտատիրոջ առողջական վիճակը մեզի նկարով (տեսանյութ)
Նրանց համար, ովքեր «արխիվացնում են» իրենց կյանքի յուրաքանչյուր պահն Instagram-ում և Facebook-ում, այս հավելվածը կարող է շատ հետաքրքիր թվալ, գրում է Daily Mail-ը՝ պարզաբանելով, որ iPhone-ի համար նոր հավելված է ստեղծվել, որն օգտատիրոջ առողջական վիճակը ստուգում է` նայելով միայն տվյալ անձի մեզի նկարին։
uCheck կոչվող հավելվածն օգտագործում է հատուկ ստեղծված, քիմիական նյութեր պարունակող գծեր, որոնք փոխում են իրենց գույնը՝ կախված մեզի քիմիական բաղադրությունից։ Օգտատերը պետք է միզի այդ գծերի վրա, ինչից հետո դրանք լուսանկարվում են սմարթֆոնով, իսկ, հավելվածը, դրանք ուսումնասիրելով, տալիս է իր եզրակացությունը։
Մասնագետները վստահեցնում են, որ այս մեթոդով հնարավոր է պարզել 25 հիվանդությունների, այդ թվում նաև երիկամներում քարերի, վարակների, քաղցկեղի, շաքարախտի և ջրազրկման առկայությունը։ Հավելվածի հեղինակները նշում են, որ uCheck-ը, բացի iPhone-ից, հասանելի կլինի Andriod օպերացիոն համակարգի հիման վրա գործող սարքերի դեպքում։










