ՆԱՍԱ-ի գիտնականները հայտնաբերել են Երկրի նոր ճառագայթային գոտի, սակայն չեն կարողանում բացատրել այս ֆենոմենը

12:40 • 01.03.13

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի գիտնականներն անցած տարվա օգոստոսին տիեզերք արձակված արբանյակների միջոցով հայտնաբերել են Երկիր մոլորակի ևս մի ճառագայթային գոտի, ինչն աստղագետների և ՆԱՍԱ-ի գիտնականներին պարզապես ապշեցրել է։

 

Ինչպես նշում է ИТАР ТАСС-ը, այս անսպասելի հայտնագործության մասին հայտարարելիս՝ ՆԱՍԱ-ն այն «ֆենոմենալ» և «առեղծվածային» է անվանել։

 

«Մենք, չգիտեմ ինչու, նախկինում չենք տեսել այս ճառագայթային գոտին։ Սակայն ակնհայտ է, որ բնությունը շարունակում է զարմացնել մեզ, և սա ֆենոմենալ երևույթ է»,-ասել է Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի առաջատար մասնագետ Շրի Կանեկալը։

 

Նա նաև նշել է, որ 3-րդ ճառագայթային գոտին գտնվել է Երկրից մի քանի հազար կմ բարձրության վրա և հայտնաբերվել է նախկինում արդեն հայտնի 2 գոտիների միջև։

 

«Սկզբում մեզ թվաց, թե արբանյակների հետ ինչ-որ բան այն չէ, սակայն ժամանակն առաջ էր գնում, իսկ ճառագայթային գոտին շարունակում էր մնալ իր տեղում»,- հավելել է նա։

 

Սակայն առջևում գիտնականներին սպասում էր մեկ այլ անակնկալ. հայտնաբերվելուց մոտ 1 ամիս անց ճառագայթային գոտին Արեգակի վրա տեղի ունեցած հզոր բռնկումից հետո անհետացել է՝ բացահայտելով իր անկայուն բնույթը։
 

ՆԱՍԱ-ի գիտնականները հայտնաբերել են Երկրի նոր ճառագայթային գոտի, սակայն չեն կարողանում բացատրել այս ֆենոմենը