Բենեդիկտոս 16-րդը փակում է Twitter-ի իր էջը

09:52 • 01.03.13

Հռոմի արդեն նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը երեկ պաշտոնապես հրաժարվել է իր գահից, և Վատիկանն այժմ մնացել է առանց Հռոմի պապի, գրում է Euromag-ը։

 

Սա նշանակում է՝ նա այլևս չի հայտնվի ո՛չ հանրության առաջ, ո՛չ էլ համացանցում։ Ինչպես նշում է Euronews-ը, Բենեդիկտոս 16-րդը կփակի Twitter սոցկայքի իր էջն ու  կյանքի մնացած օրերը կանցկացնի առանձնության մեջ։

 

Փետրվարի 28-ը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի գահակալության վերջին օրը, անցել է շատ համեստ. հրաժեշտի որևէ հատուկ միջոցառում տեղի չի ունեցել։ Տասնյակ հազարավոր լրագրողներ ու հավատացյալներ հավաքվել են Վատիկանի Սբ Պետրոս հրապարակում՝ Բենեդիկտոս 16-րդի հրաժեշտի խոսքը լսելու համար։

 

«Մի կողմից, իհարկե, շատ տխուր է, որ նա հեռանում է, սակայն մյուս կողմից դա լավ է, քանի որ նա հեռանում է սեփական կամքի համաձայն։ Ակնհայտ է, որ նա ներդաշնակ է իր էության, իր որոշման հետ։ Նրա հեռանալը շատ հուզիչ իրադարձություն է։ Նրա հնազանդությունն ու համարձակությունը պարզապես ապշեցնում են։ Նման քայլի կարող է դիմել միայն այն մարդը, ով հասել է հոգևոր կյանքի բարձրակետին, իսկ Բենեդիկտոս 16-րդը հենց այդ մարդն է»,-ասել է հավատացյալներից մեկը։
 

Բենեդիկտոս 16-րդը փակում է Twitter-ի իր էջը