«Խելահեղ» և հզոր էլեկտրական սուպերմեքենա է ստեղծվել՝ ժողովրդի փողերով (տեսանյութ,լուսանկարներ)

19:00 • 02.03.13

Ժնևում իր դեբյուտին է պատրաստվում Volar-E ավտոմեքենան, որը կարող է աշխարհում ամենահզոր էլեկտրական մեքենան դառնալ և լիցքավորվել աննախադեպ կարճ ժամանակահատվածում: Սակայն ավելի հետաքրքրական է, թե որտեղից են մեքենան ստեղծող իսպանական Applus+Idiada ընկերության ինժեներները նման գլուխգործոց ստեղծելու համար գումար ստացել, հաղորդում է vesti.ru-ն:

 

Մեքենայի 4 էլեկտրական շարժիչները գումարային 1000 ձիաուժ հզորություն են ապահովում, մեքենայի մինչև 100կմ/ժ թափավազքը 3,4 վայրկյան է տևում, իսկ առավելագույն արագությունը` 300կմ/ժ, և նման ցուցանիշներ էլեկտրամոբիլի պարագայում իսկապես տպավորիչ են:

 

Պակաս տպավորիչ չեն նաև մեքենայի կառուցվածքային դետալները` կարբոնե թափք, որի հիմքում քրոմ-մոլիբդենային պողպատից հենքն է: Առկա են կարբեն-կերամիկական արգելակները, ակտիվ կախոցները և կառավարելիությունը բարելավող պտտման պահի վերաբաշխման համակարգը:

 

Սակայն այդ ամենը մանրուքներ են այն ցուցանիշի հանդեպ, թե որքան արագ է Volar-E-ն լիցքավորում իր մարտկոցները: Այդ պրոցեսն ընդամենը 15-20 րոպե է տևում, որը մյուս էլեկտրամոբիլների 4-8 ժամ լիցքավորման դիմաց իսկապես հիացնող է:

 

Եվս մեկ հետաքրքրական ոլորտ է Volar-E նախագծի ֆինանսավորումը: Սուպերմեքենայի ստեղծման համար վճարել է Եվրոպական միությունը՝ նպատակ ունենալով «էլեկտրամոբիլների առավելությունները քարոզելու և դրանք առօրյա կյանքում ներդնելու ազդեցիկ միջոց ստեղծել»:

 

«Խելահեղ» և հզոր էլեկտրական սուպերմեքենա է ստեղծվել՝ ժողովրդի փողերով (տեսանյութ,լուսանկարներ)