KTM-ը միայն 8 տարի անց է որոշել իր X-Bow-ի վրա դիմապակի տեղադրել (լուսանկարներ)
Ավստրիական ընկերությունն ի սկզբանե չէր փորձում իր X-Bow մոդելը հարմարավետ դարձնել: Սակայն, ի վերջո որոշեց ականջ դնել արագ վարման այն սիրահարների խնդրանքներին, որոնք չեն ցանկանում մոտոսաղավարտով մեքենա վարել:
Լուրերն այն մասին, որ KTM-ն աշխատում է առավել «քաղաքակիրթ» տարբերակի ստեղծման վրա, վաղուց էին շրջանառվում: Սակայն, իբրև թե լավատեղյակ աղբյուրների տարածած տեղեկությունները, թե KTM-ը X-Bow-ն դարձրել է փակ` տարգա տանիքով կուպե, իրականում կեղծ դուրս եկան, երբ ընկերությունը Ժնևի ավտոսրահին ընդառաջ ներկայացրեց նոր X-Bow-ի որոշ լուսանկարներ:
Հաջորդ շաբաթ կներկայացվի X-Bow-ի նոր մոդիֆիկացիան, որը ենթադրաբար GT անունը կստանա: Մեքենայի հիմնական տարբերությունը, որը նկատվում է լուսանկարներում, դիմային և կողային ապակեպատումն է:
Մեքենայի կոնստրուկցիայում դժվար թե այլ փոփոխություններ արվեն, քանի որ ավտոմեքենան նրանով է այդքան մեծ ընդունելություն գտել արագ վարման սիրահարների շրջանում, որ ի սկզբանե ձերբազատված է բոլոր «ավելորդ» բաներից` ասենք տանիքից, դռներից կամ ձայնամեկուսացումից:
Նիշեցնենք, որ X-Bow-ն շատ թեթև է և համալրված է երկու լիտրանոց տուրբոշարժիչով, որը 240 ձիաուժ հզորություն է ապահովում: Նման համադրությամբ մեքենան 0-ից մինչև 100կմ/ժ արագանում է 4 վայրկյանից պակաս ժամանակում: Իսկ ոլորանները հաղթահարելու հարցում, սերիական մեքենաների մեջ գրեթե մրցակցությունից դուրս է:










