Դանիական հեռուստաընկերությունը Սիրիայի կադրերը համակարգչային խաղի հետ է շփոթել
Դանիական հեռուստաընկերության ղեկավարությունը խոստովանել է, որ Սիրիայի մասին ռեպորտաժում օգտագործվել են համակարգչային խաղի կադրեր, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Associated press գործակալությանը հղումով։
TV2 հեռուստաընկերության ներկայացուցիչ Յակոբ Նիբրոեն բացատրել է, որ Դամասկոսի նկարը, որը լրատվական հաղորդման հաղորդավարի համար որպես ֆոն է ծառայել, վերցված է եղել Assassin's Creed համակարգչային խաղից։
Աշխատակիցը, ով գտել է այդ լուսանկարը համացանցում, վստահ է եղել, որ դա Սիրիայի մայրաքաղաքն է։
Սխալը նկատել են հեռուստադիտողները, որոնք տեղի ունեցածը սկսել են քննարկել սոցիալական ցանցերում։
Նիբրոեն միջադեպը որակել է որպես «սարսափելի սխալ, որը հիշեցնում է լուսանկարի աղբյուրի ճշտման անհրաժեշտության մասին»։
Assassin's Creed-ը համակարգչային խաղ է, որի գործողությունները ծավալվում են Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Դամասկոսում։










