ՍԴ-ն քննում է Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցերը
Սահմանադրական դատարանը այսօր առավոտյան սկսել է ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ու ինքնաառաջադրված Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը, որոնցով վերջիններս պահանջում են անվավեր ճանաչել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքը։
Րաֆֆի Հովհանիսյանը ՍԴ-ից նաև պահանջում է ընդունել, որ նախագահական ընտրություններում հաղթել է ինքը և ոչ թե գործող նախագահ Սերժ Սարգսյանը։ Պատասխանող կողմ են հանդիսանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը:
Նախագահի թեկնածուների դիմումների համաձայն որպես երրորդ անձ գործում ներգրավվել է Սերժ Սարգսյանը:
Վերջինս իր շահերը պաշտպանելու համար լիազորել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ու ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, իրավաբան Դավիթ Հարությունյանին:
Դատարանը, ներկայացված դիմումի փաստարկները ամփոփելով, ներկայացրեց հայցվոր կողմի հիմնավորումները: Մասնավորապես, նրանք գտնում են, որ ԿԸՀ-ն, ոստիկանությունը և դատախազությունը, փաստացի գոյություն չունեն և նրանք նույնականացվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի անվան հետ:
Հայցվոր Անդրիաս Ղուկասյանը սա հիմնավորում է նրանով, որ նախագահին ուղղված սփյուռքահայ երգիչ Սերժ Թանգյանի պատասխան նամակում Սերժ Սարգսյանը գրել է՝ «Ես միշտ եմ համոզված եղել ամեն ինչում»: Հայցվոր կողմը պնդեց, որ Սերժ Սարգսյանը նամակում ընդունում է, որ ինքն է կազմակերպում ընտրությունները, այսինքն՝ ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգը ուղղորդվում է իր կողմից:
Հայցվոր կողմը (Րաֆֆի Հովհաննիսյանի), որի շահերը ներկայացնում է Կարեն Մեջլումյանը, ՍԴ-ին միջնորդեց, որպեսզի Սերժ Սարգսյանի կողմից լիազորված անձանց այսինքն՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ու պատգամավոր Դավիթ Հարությունյանին հանի լիազորված ներկայացուցիչների ցանկից, Ինչը ՍԴ-ն, հղում անելով օրենքի պահանջներին, մերժեց:
Նույն միջնորդությամբ հանդես եկավ նաև Անդրիաս Ղուկասյանը, նկատելով որ ինքը ՍԴ-ին խնդրել է, որ Սերժ Սարգսյանին ներգրավվել, որպես թեկնածու, ոչ թե՝ նախագահ: Անդրիաս Ղուկասյանը նաև նշեց, որ լիազորված թեկնածուն չի կարող որպես լիազորված ներկայացուցիչ ներկայացնել Արդարադատության նախարարին:
Անդրիաս Ղուկասյանը պարզաբանում խնդրեց նախարարից այն մասին, թե ինքը ներգրավված է որպես նախարա՞ր, թե որպես իրավաբան: Վերջինս էլ ասաց, որ ինքը փաստաթղթերով ներկայացել է որպես իրավաբան ու այժմ էլ գտնվում է արձակուրդի մեջ, որը կավարտվի հինգշաբթի:
ՍԴ-ն 10 րոպե ընդմիջում հայտարարեց՝ միջնորդությունը քննարկելու համար: Այս պահին կրկին շարունակվում է նիստը:










