Ճապոնիայի վարչապետը 2011թ. երկրաշարժի տարելիցի կապակցությամբ ուղերձ է տեղադրել YouTube-ում
Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի 2-րդ տարելիցի կապակցությամբ երկրի վարչապետ Սինձո Աբեն տեսաուղերձ է տեղադրել համացանցում՝ YouTube-ում, հայտնում է Взгляд-ը:
«Տուժած շրջանների բնակիչներին, ինչպես նախկինում, օգնություն է հարկավոր։ Օգնությունը կարող է տարբեր լինել՝ կամավորական գործունեություն, գումարի նվիրատվություն, զբոսաշրջություն, այս շրջաններում արտադրված ապրանքների գնում։ Քանի դեռ գարուն չի եկել տուժած շրջաններում, չի լինի իսկական գարուն նաև Ճապոնիայում»,- ասել է նա։
Այսօր Ճապոնիայում կանցկացվեն զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ։ Սգո արարողություններին Տոկիոյում կմասնակցի նաև կայսերական ընտանիքը, վարչապետն ու կառավարության անդամները։
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 2011-ի մարտի 11-ին տեղի էր ունեցել 9.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այն հզոր ցունամի էր առաջացրել, որի ալիքի բարձրությունը կազմել էր 10-15 մ։ Զոհված և անհայտ կորած է համարվում 18.549 մարդ։
Մոտ 315.000 մարդ դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում։
Երկրաշարժից վթարվել էր «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը։ Վթարի հետևանքով ռադիոակտիվ նյութեր էին արտանետվել մթնոլորտ և օվկիանոս։ Վթարը վերացնելու համար կպահանջվի մոտ 40 տարի։










