Ժողովրդի վիճակը ողբերգական է. Գ. Գինոսյանը անմասն չէ գործընթացին, բայց սխալ է համարում մտավորականների ելույթները
Ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ ժողովրդի մի ստվար հատվածի ընդվզումն արդարացի է, և ընտրակեղծիքները հերթական անգամ մարդկանց արդարացի հուզումների են բերել: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը, ով իր ձևակերպմամբ՝ շարքային քաղաքացու կարգավիճակով մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:
Այսինքն՝ գնում է հրապարակ, մասնակցում հանրահավաքներին, բայց հարթակ չի բարձրանում ու ելույթ չի ունենում, որովհետև գտնում է, որ մշակույթը պետք է վեր լինի ամեն ինչից: «Եվ, ամեն դեպքում, ինչ լուծում էլ ունենա այս իրավիճակը, ի վերջո, մշակութային գործիչը պետք է շարունակի իր աշխատանքը՝ արարել մշակույթ և սերունդ դաստիարակել»,- ասաց մշակութային գործիչը, ով սխալ համարելով իր հրապարակային ելույթներ ունենալը, նաև սխալ է համարում գործընթացից անմասն մնալը և իր բնակարանում թաքնվելը:
Հայաստանի բոլոր ոլորտներում՝ մշակութայինից ու կրթականից սկած՝ մինչև հեռուստատեսային, նա իրավիճակը գնահատում է որպես ձախողված, իսկ ժողովրդի, տնտեսական, ֆինանսական, սոցիալական վիճակը՝ ողբերգական: «Այս իրավիճակում պետք է հասկանանք՝ ավելի շատ ընտրությունը կատարվել է ոչ թե ինչ-որ մեկին կողմ, այլ հերթական անգամ հայ ժողովուրդն իր քվեարկությունը կատարել է գործող իշխանությանը դեմ»,- ասաց Գագիկ Գինոսյանը, ում կարծիքով՝ բոլոր նմանատիպ իրավիճակներում մեղքը ոչ թե փողոցում հայտնված ընդդիմությանն է, այլ իշխանությանը:
Այն, որ մտավորականները հայտնվել են երկու կողմերում Գագիկ Գինոսյանը սխալ է համարում երկու կողմերի համար էլ և գտնում է, որ իրենց պետք է այնպես չպահեն, որ հետագայում չկարողանան իրար երեսի նայել, երբ կողմերից մեկը՝ իշխանությունը կամ ընդդիմությունը այս իրավիճակից պետք է պարտված դուրս գա:
Ի պատասխան հարցի, թե չի՞ կարծում, որ ընդդիմությունն ու իշխանությունն օգտագործում են երկու հակառակ ճամբարներում հայտնված մտավորականներին, արվեստագետն ասաց. «Չեմ կարող ասել՝ կողմերն են օգտագործում: Եթե օգտագործում էլ են, ուրեմն իրենք պատրաստ են օգտագործվելու: Չեմ կարող պատկերացնել, որ Կոմիտասին կամ Հովհաննես Թումանյանին կարող էին ներքաշել նման իրադրության մեջ, որ Կոմիտասը քննադատեր Թումանյանին կամ Անդրանիկին»:
Այնպես, որ Գագիկ Գինոսյանի ամփոփմամբ՝ եթե այս գործընթացներին մտավորականներին ներքաշելու փաստը առկա է, ապա առկա է նաև ներքաշվելու ցանկությունը:
Խոսելով իր՝ Գագիկ Գինոսյանի դիրքորոշման մասին, վերջինս ասաց. «Չեմ ուզենա ինչ-որ հավատարմագիր ստորագրել, որ ես իրենց կողմից եմ, կամ իրենց կողմից պատրաստ եմ հեղափոխության կամ, հակառակը՝ հեղափոխությունը ճնշելու: Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, սա իմ տեսակետն է՝ վեր մնալ ապագաղափարախոսական վեճերից և թույլ չտալ, որ դրանք տանեն ներպառակտողական վեճերի:
Ինչ վերաբերում է դիրքորոշումներ ունենալուն, և քննադատությանը, ապա Գագիկ Գինոսյանն ասաց, որ մտավորականությունը թերացել է մինչև ընտրությունները, և որ իր կոշտ քննադատական դիրքորոշումը պետք ունենար ողջ մինչտընտրական ժամանկահատվածում: Դեռ 2008թ. մարտի 1-ից հետո, որպեսզի այսօր նորից փաստի առաջ չկանգնեինք:
Նոր բախումների կամ, Աստված մի արասցե, նոր մարտիկեմեր թույլ չտալու համար, Գագիկ Գինոսյանն առաջարկում է, որ կողմերը գնան երկխոսության, և ով էլ, որ մնա իշխանության, գիտակցի, որ երկրին անհրաժեշտ են կտրուկ և արմատական փոփոխություններ: «Այսինքն՝ գործող իշխանությունն էլ մնա, պարտավոր է կտրուկ փոփոխություններ կատարել, այլապես հերթական անգամ զգալու ենք հասարակության կազմալուծումն ու դեգրադացումը, որն առկա է: Նոր իշխանությունները գան, կրկին՝ պարտավոր են կտրուկ փոփոխութուններ անել: Բայց երկու դեպքում էլ դրանք պետք է լինեն հնարավորինս իմաստուն , որպեսզի ցավոտ չդառնան երկրի ու հասարակության համար»,-ասաց Գագիկ Գինոսյանը:










