Սերժ Սարգսյանը և իր թիմը երբեք չեն անցնի յուրայինների դիակների վրայով. Գալուստ Սահակյանը չի ողջունում հացադուլը
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը չի ողջունում, բայց կարծում է, որ յուրաքանչյուր թիմ կամ քաղաքական անձ ինքն է ընտրում պայքարի ձևը։ Իսկ Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը միայն իր դիակի վրայով կմասնակցի ապրիլի 9-ի երդմնակալությանը, Սահակյանն այսօր կայացած ասուլիսին արձագանքեց հետևյալ կերպ. «Սերժ Սարգսյանը և նրա թիմը երբեք չեն գնա այն ճանապարհով, որ յուրայինների դիակների վրայով անցնեն, մենք զոհերի կողմնակից չենք, իսկ մեռնել, դա նշանակում է հիասթափություն, անկարողություն»։
Վերջինիս խոսքով՝ ովքեր հրապարակում հանրահավաք են անում ավելի խրոխտ են դառնում իրենց հայտարարությունների մեջ, իսկ Հովհաննիսյանի այդ արտահայտությունը, երևի, լեզվի սայթաքում է եղել։
«Այդ հարթակում Ղարաբաղը գավառ են անվանում, ժողովրդի մեջ թուրքեր են որոնում և այլն։ Նման հանգույցներով տրամաբանական չէ ժողովրդին առաջնորդելը»,- ասաց նա։
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի երդումը տվել է ժողովուրդը։
Հարցին, թե կայցելի՞ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանին, Սահակյանը պատասխանեց, որ, բնականաբար, եթե այնպիսի մթնոլորտ լինի ոչ թե զորակցելու, այլ միջամտելու հացադուլին, կգնա։ Իսկ նախագահի՝ Հովհաննիսյանին այցելելու մասին Սահակյանն ասաց. «PR-ի տեսակետից դա շատ լավ բան կլիներ, բայց երիտասարդական ռոմանտիկա է»։










