Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել Սերժ Սարգսյանին հանդիպելու առաջարկը. Հովսեփ Խուրշուդյան

13:40 • 11.03.13

Լուսանկարը՝ Civilnet.am-ի

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հերքում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանին հանդիպելու առաջարկը և ափսոսանք հայտնում, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը իր խոսքով՝ «ապատեղեկատվութուն է տարածում»:


Tert.am-ի հետ զրույցում Հովսեփ Խուրշուդյանը մանրամասնեց. «Առաջարկ իրոք եղել է՝ միջնորդավորված, գործող նախագահի աշխատակազմի ղեկավարի միջոցով: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել այդ առաջարկը, այլ ընդամենը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ազատության հրապարակում, ուր հացադուլի մեջ է գտնվում երեկոյան 18. 30-ից հետո»:


Հիշեցնենք, որ Panorama.am-ի հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն ասել էր, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է հանդիպելու և հետընտրական գործընթացները քննարկելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջարկը, և մանրամասնել. «Գիտե՞ք, երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը»:


Հովսեփ Խուրշուդյանից ճշգրտեցինք նաև, թե առաջարկը եղել է հարահավաքից առա՞ջ, թե հետո, պատասխանեց, որ հետո:


Նա հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև երեկվա իր հացադուլ սկսելու հայտարարությունը ասում էր, որ պատրաստ է ցանկացած վայրում հանիպել Սերժ Սարգսյանի հետ և լսել նրա հակընդդեմ առաջարկները՝ քաղաքական ճգնաժամի լուծման ուղղությամբ, սակայն նման առաջարկ մինչև հացադուլի իր հայտարարությունը չէր եղել: