Թող Սերժ Սարգսյանն իրեն հարմար ժամին գա, հանդիպենք. Րաֆֆի Հովհաննիսյան

16:36 • 11.03.13

ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող, Ազատության հրապարակում երեկվանից հացադուլ հայտարարած՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ասելիք չունի արդեն երեկվանից, իսկ լսելիք՝ այո, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է նա և ավելացրել, որ Սերժ Սարգսյանը կարող իրեն հարմար ժամի գալ Ազատության հրապարակ և հանդիպել իր հետ։ 


Րաֆֆի Հովհաննիսյանը սուտ և կեղծիք է որակել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի այն հայտարարությունը, թե ինքը չի ընդունել հանդիպելու Սերժ Սարգսյանի միջնորդավորված հրավերը:


«Եվ հիմա ապատեղեկատվություն են տարածում … Թող պարոն Սարգսյանը գա տղամարդը տղամարդու պես, դեմ–դիմաց հանդիպենք, որ կարողանանք այս հիմնահարցը հանգուցալուծելու և ժողովրդի հաղթանակը ճանաչելու համար»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը և կրկնել, որ անձամբ էր գնացել է Սերժ Սարգսյանի մոտ, որը մերժել է իր բոլոր առաջարկները:


«Դրանից հետո մի քանի անգամ հրավիրել եմ, հրապարակավ հայտարարել, որ մինչև երեկ պատրաստ էի ժողովրդին պատկանող ցանկացած գրասենյակ գնալ և հանդիպել: Արդեն հրապարակում եմ և խնդրում եմ, որ դե ֆակտո վարչակազմը սուտ ու կեղծիք չտարածի, և պարոն Սարգսյանը հենց հիմա, իրեն հարմար ժամի գա: Ուզում է՝ ՌԴ գնալուց առաջ, թե հետո: Թող գա, ես արդեն ասելիք չունեմ, լսելիք ունեմ: Կարինը (Րաֆֆի որդին – Tert.am) վեր կկենա կքննարկենք իրեն ուզած ձևով , ինքը կարող է փակ ուզենա»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:


Նշենք, որ այսօր ժամը 17-ին նա մամուլի ասուլիս է հրավիր Ազատության հրապարակում: