Իրանի վերելքը և անկումը արաբների և մուսուլմանների հասարակական գիտակցության մեջ. Huffington Post
ԱՄՆ-ում քննարկման կենտրոնում է հայտնվել Իրանի վարած քաղաքականությունը և նրա միջուկային ծրագիրը, ինչպես նաև Իսրայելի մտավախությունները: Միևնուն ժամանակ մենք մոռանում ենք այս ամենի վերաբերյալ Իրանի հարևան արաբների և մուսուլմանների կարծիքի մասին, գրում է «Արաբական Ձայնի» հեղինակ և Արաբաամերիկյան ինստիտուտի նախագահ Ջեյմս Զոգբին` Huffington Post պարբերականում:
Հայտնի է, որ որոշ արաբական պետությունների կառավարություններում տարաձայնություններ կան Իրանի Իսլամական Հանրապետության հետ, սակայն այլ հարց է, թե ինչպե՞ս են Իրանին վերաբերում այդ երկրների քաղաքացիները:
«Վերջին տասնամյակի ընթացքում մենք հասարակական կարծիքի հարցումներ ենք անցկացրել այդ տարածաշրջանում, փորձելով պարզել մարդկանց վերաբերմունքը Իրանի հանդեպ: Եվ այդ ուսումնասրության գագաթնակետը դարձավ 2012թ. անցկացված հարցումը, որին մասնակցեցին 17 արաբական և 3 ոչ արաբական, բայց մուսուլմանական (Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան) երկրների 20 հազար քաղաքացիներ»,- գրում է հոդվածագիրը:
Ըստ նրա՝ այդ հետազոտության մեջ ներառվել են մի շարք հարցեր, այդ թվում, վերաբերմունքը Իրանի, նրա քաղաքացիների, մշակույթի և միջուկային ծրագրի հանդեպ:
Վերջերս ստացված արդյունքների համեմատությունը զետեղվել է «Հայացք Իրանին. Իրանի վերելքը և անկումը հասարակական կարծիքում» (Looking at Iran: Iran's Rise and Fall in Public Opinion) գրքում: Այդ արդյունքները համեմատելով ավելի վաղ իրականացված հետազոտությունների հետ ի հայտ են գալիս արաբական և մուսուլմանական երկրների բնակիչների՝ Իրանի հանդեպ ունեցած տեսակետների արմատական փոփոխությունները: Այդ համեմատությունը նաև օգնում է արտացոլել այն հանգամանքները, որոնք, ըստ ամենայնի, այդ փոփոխությունների «մղիչ ուժն» են հանդիսանում:
Օրինակ, 2006թ. հետազոտության մեջ, որը ներառում էր վերոհիշյալ հարցերը, Իրանի վարկանիշը արաբական և մուսուլմանական պետություններում ամենաբարձրն էր: Այն ժամանակ Իրանին հավանություն տալու միջին վարկանիշը մոտ 75% էր, իսկ Սաուդյան Արաբիայում նույնիսկ ` 85%:
Վեց տարի անց իրավիճակը արմատապես փոխվել է: Այժմ Իրանի վարկանիշը այդ նույն պետություններում 25% է կազմում, իսկ Սաուդյան Արաբիայում` 15%:
2011 և 2012թթ. անցկացված հարցումները ցույց են տվել, որ Իրանի նախկին բարձր վարկանիշները, որպես այդպիսին, ուղղակի կապ չունեին Իրանի հետ: Դրանք, ավելի շուտ, արաբական աշխարհի զայրույթն էին արտահայտում Իսրայելի պահվածքով և Լիբանանում, Պաղեստինում ու Իրաքում ԱՄՆ-ի վարած քաղաքականությամբ` համոզմունքով, որ Իրանն ու իր դաշնակիցները «Արևմուտքի զեղծարարություններին» ընդդիմացողներն են:
Սակայն, 2012թ. իրավիճակը փոխվեց, քանի որ ԱՄՆ-ը զգալիորեն նվազեցրեց իր ներկայությունը տարածաշրջանում: Իսկ Իրանը, մեծամասնության տեսակետով, փորձում է տարաձայնություններ սերմանել Իրաքում, Բահրեյնում, Լիբանանում և Սիրիայում:
Վերջին ուսումնասիրությունը նաև բացահայտում է ևս մեկ մտահոգիչ հանգամանք, որը կապված է միջհարանվանական խզման հետ: Նման երևույթ է դիտարկվում որոշ պետություններում, որոնցում սունիները հանդես են գալիս Իրանի դեմ, իսկ շիաները աջակցում են Իրանի քաղաքականությանը:
Սակայն, ներկայում մի միտում է նկատվում, որ սունի և շիա համայնքները ավելի հաճախ են համաձայնվում, որ Իրանը և նրա վարած քաղաքականությունը ավելի ու ավելի հաճախ է նպաստում այդ խզման խորացմանը:
Փոխվել է նաև վերաբերմունքը Իրանի միջուկային ծրագրի հանդեպ: 2006թ. հարցումները ցույց էին տալիս, որ արաբական և մուսուլմանական պետությունների բնակիչները դրական էին վերաբերվում այդ ծրագրին՝ այն ընկալելով որպես Արևմուտքի վարած քաղաքականության հակակշիռ:
Սակայն, Իրանի ներկայիս միջուկային նկրտումները ոչ մի տեղ հավանություն չեն ստանում: Արաբական և մուսուլմանական երկրների բնակչության մեծ մասը կարծում է, որ Թեհրանը միջուկային զենք է ստեղծում՝ դա քողարկելով «խաղաղ ատոմի տակ»: Նախկին համակրանքին այժմ փոխարինելու է եկել հակակրանքը:
Արաբական և մուսուլմանական երկրների բնակչության ճնշող մեծամասնությունը մինչ այժմ խիստ դեմ է Իրանի նկատմամբ ռազմական ուժի կիրառմանը: Սակայն նույնիսկ այդ հարցում հասարակական կարծիքը փոփոխության է ենթարկվել, մասնավորապես, մի փոքր ավելացել է այն անձանց տոկոսը, որոնք կողմ են Իրանին ռազմական հարված հասցնելուն, եթե Իրանը չհրաժարվի իր միջուկային նկրտումնեից:
Այսպիսով եզրակացություններն ակնհայտ են: Երբ արաբական և մուսուլմանական երկրների բնակչությունը Իրանի գործողություններին նայում էր ԱՄՆ-ի և Իսրայելի վարքի տեսանկյունից, Իրանը հաղթական դիրքում էր: Սակայն, եթե Իրանը դիտարկվի տարածաշրջանում իր վարած քաղաքականությամբ, ունեցած դերով և ներքին բռնաճնշումներով, այն թույլ աջակցություն է գտնում արաբական և մուսուլմանական աշխարհի բնակիչների շրջանում, եզրակացնում է հոդվածագիրը:










