Ստամբուլի նահանգապետն ու ոստիկանապետն այցելել են հայկական եկեղեցի

09:51 • 11.03.13

Ստամբուլի նահանգապետ Հուսեին Ավնի Մութլուն այցելել է Ստամբուլի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։ Նրան ուղեկցել է նաև Ստամբուլի ոստիկանապետ Հուսեին Չափքընը, տեղեկացնում է «Գերչեք գյունդեմ» լրատվական կայքը։

 

Նրանց եկեղեցում դիմավորել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Անդրադառնալով Սամաթիայում հայ կանանց դեմ բռնարարքներ իրականացնող անձի ձերբակալությանը՝ Աթեշյանը շնորհակալություն է հայտնել թուրք պաշտոնյաներին՝ դեպքերը բացահայտելու և հետևողական լինելու համար։

 

Նահանգապետն իր հերթին հայ համայնքին հավաստիացրել է, որ իրենց նպատակը նրանց անվտանգության ապահովումն է։ «Հանգիստ եղեք և կասկած անգամ մի ունեցեք, որ այս թաղամասը, այս քաղաքն ու այս երկիրը ձերն է»,-հայտարարել է Մութլուն։

 

Ոստիկանապետ Չափքընը ևս անդրադարձել է թեմային և մանրամասներ ներկայացրել։ Նա նշել է, որ իրենց դժվարությամբ, երկար և համբերատար աշխատանքի արդյունքում է հաջողվել բացահայտել բռնարարքներն իրականացնողին։ «Ցանկանում են շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ջանքեր են գործադրել և բոլոր նրանց, ովքեր հավատացել և վստահել են մեզ»,-ասել է ոստիկանապետը։

 

Հիշեցնենք, որ Սամաթիա թաղամասում հայ կանանց հանդեպ վերջին երկու ամիսներին բռնարարքներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով երկու կին էր սպանվել։ Ոստիկանությունը բացահայտել է գործը և որպես կասկածյալ ձերբակալել ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին։