Սիրիացի փախստականների թիվը մինչև տարեվերջ կարող է կրկնապատկվել կամ եռապատկվել. ՄԱԿ
Սիրիացի փախստականների թիվն այս տարվա ընթացքում կարող է կրկնապատկվել և անգամ եռապատկվել, եթե հակամարտությունը չկարգավորվի։Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատար Անտոնիու Գուտերեշը։
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Թուրքիա կատարած այցի ընթացքում Գուտերեշը զգուշացրել է, որ եթե սիրիական հակամարտությունը ձգձգվի, այն կարող է սպառնալ Մերձավոր Արևելքին իրական սոցիալական բախումով։
Կիրակի օրը Սիրիայի հակամարտությունը նոր զարգացում էր ունեցել. ապստամբները հայտարարել էին Հոմսում անսպասելի գործողություն իրականացնելու մասին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ երկու տարվա ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 70.000 մարդ։ Ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախել և ապաստան է ստացել հարևան երկրներում։
«Դա կշարունակվի, եթե ոչինչ տեղի չունենա այդ խնդրի լուծման ուղղությամբ։ Մինչև տարեվերջ փախստականների թիվը կարող է շատ ավելին լինել՝ երկու կամ երեք անգամ ավելի, քան հիմա է»,- հայտարարել է Գուտերեշը։
Նա հանրությանը կոչ է արել օգնել Թուրքիային, Լիբանանին և Հորդանանին, որոնք շարունակում են փախստականներ ընդունել։










