Իսկ ո՞վ է ասել, որ ԱԺ-ն «իր անունով» շրջանառության մեջ կդնի «Խտրականության մասին» նախագիծը. Ն. Զոհրաբյան
ՄԻՊ գրասենյակը կարող է միայն 2 խողովակով իր «Խտրականության մասին» օրենքի նախագիծը բերել Ազգային ժողով՝ կամ խորհրդարանի պատգամավորների, կամ կառավարության միջոցով, և ո՞վ է ասել, որ Ազգային ժողովը կամ կառավարությունը կհամաձայնեն նախագիծն այդ տեսքով և իրենց անունով դնել շրջանառության մեջ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ, այսուհանդերձ, հաշվի առնելով, որ մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք մտահոգված են Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների հնարավոր լոբբինգով, իրենց դժգոհությունն են հայտնել այս կապակցությամբ, ինչպես նաև այս հարցի հետ կապված հանրային հնչեղությունն ու լրջագույն դժգոհությունը, իրենց հանձնաժողովը հուլիսի սկզբներին այս թեմայով կհրավիրի հասարակական լսումներ:
«Հրավիրենք մարդու իրավունքների պաշտպանին և լսենք իր տեսակետը: Սա է»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի հեղինակած՝ «Խտրականության մասին» օրենքի նախագիծը (որը մշակվել է միջազգային մի շարք կառույցների ու հասարակական կազմակերպությունների փորձագիտական շրջանակների քննարկման արդյունքում) հատուկ միասեռականների համար է:
Այսօր էլ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը կրոնագետ, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն էր հայտնել, որ օրենքն ընդունվելու դեպքում միասեռականությունը Հայաստանում այլևս օրենսդրորեն չի արգելվի:
Չնայած սրան, ՄԻՊ գրասենյակի լրատվության պատասխանատու Նաիրա Կարմիրշալյանը հերքել էր, որ օրենքի նախագծում ուղղակի անդրադարձ կա միասեռականներին՝ նշելով, որ օրենքը խտրականության ցանկացած տեսակի բացառման մասին է: Սկսած նրանից, որ գործատուները չգրեն՝«պահանջվում է բարետես, մինչև 25 տարեկան վաճառողուհի», որովհետև դա խտրականություն է ոչ բարետեսների ու ասենք՝ 35 տարեկանների նկատմամբ:
Նշենք, որ այսօր լրագրողերի հետ հանդիպմանը Աստվածաբանության դոկտոր Սամվել Նավոյանն էլ նշել է, որ Հայաստանը ԵՄ-ի, ՄԱԿ-ի մի շարք բանաձևերի ու պայմանագրերի տակ է ստորագրել, որոնք ևս միասեռականներին բավական իրավունքներ են վերապահում:
Ի պատասխան հարցի, թե որպես ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիակության անդամի, իրեն հայտնի՞ է ԵԽԽՎ-ի նկատմամբ մեր պարտավորությունների շրջանակում նրա կողմից որևէ ուղղակի կամ անուղղակի ցուցում, որ Հայաստանում միասեռականության իրավունքների լոբբինգ իրականացնի, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ՝ ոչ:
Tert.am- ը նույն հարցի հետ կապված զրուցեց նաև պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ, ով նույնպես հերքեց ասելով՝ «նման բան չեմ հիշում»:
Դավիթ Հարությունյանը ավելացրեց, որ ԵԽԽՎ կառույցներում լինում են օրենքներ և հատուկ պաշտոններ, որոնք վերաբերում են առհասարակ անդամ պետություններում խտրականության երևույթների բացառմանը:
«Նման պրակտիկա կա մի շարք երկրներում, բայց նորից եմ կրկնում՝ Հայաստանին ուղղված նման պահանջ չի եղել, որովհետև, որպես կանոն, երկրի նկատմամբ պահանջներն արտահայտվում են մոնիտորինգի վերաբերյալ զեկույցներում: Ես չեմ հանդիպել»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդին անդամակցությունից հետո ՀՀ քրեկական օրենսքգրքից հանվեց և ապաքրեականացվեց միասեռականության մասին նախկին հոդվածը և քրեականացվեց նման փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումը:
Եթե տեսականորեն այս նախագիծը մտնի Ազգային ժողով և քննարկվի, ո՞րն է լինելու Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամի և Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի տեսակետը:
«Իմպերատիվ ոչ, միգուցե տարօրինակ է, որ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը կարող է նման դիրքորոշում ունենալ, բայց, այո, ես ազգային պատվիրակության այն անդամներից եմ, որը ԵԽԽՎ-ում մշտապես դեմ է քվեարկում փոքրամասնություններին լրացուցիչ արտոնություններ տալու նախագծին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:










