Վ. Սեդրակյանի փաստաբանն իր պաշտպանյալի մեղքն ապացուցող փաստ է պահանջում, մեղադրող կողմը պնդում է՝ կտա, բայց ավելի ուշ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի դատավարությունը:
Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը դատարանում հայտարարեց, թե այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե որն է իր պաշտպանյալի մեղքը, քանի որ արդեն չորրորդ դատական նիստն է նրա մեղավորության համար հիմնավոր փաստեր չեն ներկայացվում, ինչպես նաև վկաների ցուցմունքներում չի հիշատակվում իր պաշտպանյալի անունը։
«Ո՞րն է Վարդան Սեդրակյանի մեղքն ապացուցող փաստը»,- հարցրեց փաստաբանը։
Մեղադրող կողմից դատախազ Արամ Ամիրզադյանը հավատացրեց, որ բոլոր հիմքերը կան նրան մեղադրելու, միաժամանակ նշեց, որ դրանք կներկայացնեն դատաքննության ավարտից հետո՝ վիճաբանությունների փուլում։
Դատարանում ցուցմունք են տալիս գործով անցնող վկաներ՝ Պարույր Հայրիկյանի հարևանները, նաև տաքսու վարորդը։ Դատը դեռևս շարունակվում է։
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Երևանի Տպագրիչների փողոցում ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել: Մահափորձն իրականացնելու մեջ մեղադրվում են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, իսկ որպես պատվիրատու կասկածվում է Վարդան Սեդրակյանը:
Այս գործով մեղադրվող Վարդան Սեդրակյանը կալանավորվել է մարտի 5-ին` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում (ՀՀ Քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով՝ նախատեսված հանցագործություն կատարելը)։
Ապրիլի 16-ին, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից Վարդան Սեդրակյանին առաջադրվել էր նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ ՔՕ 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), 38-ով՝ հանցակիցների տեսակները և 305-ով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը։










