Չավեսը հետմահու պարգևատրվել է Վենեսուելայում

10:45 • 07.06.13

Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսը հետմահու արժանացել է լրագրության ոլորտում շնորհվող Սիմոն Բոլիվարի անվան ազգային մրցանակին, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Մրցանակը շնորհողները նշել են, որ Չավեսին մրցանակը շնորհվել է «խոսքը ճնշվածներին վերադարձնելու և լրատվական կեղծիքի դեմ պայքարում նրա դերակատարման համար»։


Հունիսի 27-ին մրցանակը կհանձնվի նրա հարազատներին։

 

Այդ որոշումն արդեն վենեսուելացի ժողովրդի շրջանում վեճերի առիթ է դարձել. Չավեսը կյանքի օրոք բավական խիստ էր վերաբերվել ընդդիմադիր լրատվամիջոցներին, իսկ նրա հասցեին մեղադրանքներ էին հնչել խոսքի ազատությունը ճնշելու համար։

 

2007թ.-ին Վենեսուելայում փակվել էր խոշորագույն RCTV մասնավոր հեռուստաընկերությունը, որին իշխանությունը մեղադրել էր քայքայիչ գործունեության համար։


Մինչ այդ Չավեսը սպառնացել էր փակել մասնավոր հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները։
 

Արդեն նրա մահից հետո՝ մայիսի կեսերին, գործարք է կնքվել խոշորագույն ընդդիմադիր հեռուստաընկերություններից Globovision-ը նոր սեփականատերերին փոխանցելու վերաբերյալ։