Սուրիկ Խաչատրյանի տան մոտ եղածը երկրում տեղի ունեցողի տրամաբանական շարունակությունն է. մտավորականներ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած քրեական դեպքը Հայաստանում տեղի ունեցած գործընթացների տրամաբանական շարունակությունն է: Այն է՝ մարդուն կարելի է մի խոսքի համար սպանել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադիր, նախկին ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը և նկարիչ ու ֆոտոլուսանկարիչ Սամվել Սևադան:
«Անվտանգության տեսչության պետին գնդակահարեցին, (նկատի ունի ՀՀ ՊԱԿ նախագահ Մարիուս Յուզբաշյանի սպանությունը-tert.am ), երկրորդ նախագահի օրոք «Բարև Ռոբ» բառի համար կարելի էր մարդ սպանել (նկատի ունի Պողոս Պողոսյանի դեպքը «Առագաստ» սրճարանում-tert.am): Իշխանության մարդկանց ձեռքին զենք կա նաև ապօրինի զենք կա, վստահաբար կարելի է օգտագործել առանց հետևանքների մասին մտածելու»,- հայտարարեց Գագիկ Գինոսյանը:
Նա ևս դիտել է երեկ համացանցում Սյունիքի մարզպետի տան մոտ կատարված դեպքերի տեսագրությունը և ասում է, եթե մարդու տան վրա հարձակվում են նա կարող է իր ու իր տան արժանապատվությունը պահել, բայց ասաց, որ այդ տեսանյութից գոնե չէր երևում , որ եկել էին իր վրա կրակելու նախաձեռնությամբ:
Գագիկ Գինոսյանի խոսքով՝ նման միջադեպերը կանխելու, կանխարգելելու համար ամենաբարձր օղակներում պետք է «նախադեպ ցուցադրվի, վերաբերմունք դրսևորվի»:
Իսկ երկրում պայմանական այնպիսի մթնոլորտ տիրի, ինչպես նախընտրական շրջանում. երբ բոլորը հավասար են:
Սամվել Սևադան պակաս լավատես է, և այս կապակցությամբ օգտագործեց գյումրեցիների խոսքը՝« շունը հաչի, քամին փչի», ապա ավելացրեց. «Ամեն ինչ իր հունով գնում է, մեր խոսքերը ոչ ոք հաշվի չի առնում»: Սակայն համացանցում տեսանյութը դիտած նկարիչը սարսափել է կադրերը դիտելիս, երբ 15- 20 մասնակիցների մեջ տեսել է ավտոմատը ձեռքին մի երիտասարդ տղայի:
«Ուղղակի սարսափեցի, որ նման սերունդ է աճում, սովետի ժամանակ մի լավ բան կար, որ զենքը կտրականապես արգելված էր: Ու պետք է մի անգամ կտրուկ հրաման լինի, որ բոլոր զենքերը բերեք հանձնեք»,- ասաց մտավորականը:
Գագիկ Գինոսյանը, որպես մարդ, ում համար կարևոր է ազգային գաղափարախոսությունը,կարծում է, որ պետությունը լուրջ անելիքներ ունի այս դաշտում:
Նա մի օրինակ բերեց՝ հարցնելով, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համեմատությամբ քանի՞ մարդ է ճանաչում Դանիել երաժիշտին կամ Վոլոդյա Ավետիսյանին, ով երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էր անում:
«Էս մարդը ասֆալտի ֆիդայի չէ, ոչ թալանով, ոչ մարդասպանությամբ չի զբաղվել, Հայոց բանակի պատիվն է բարձրացրել: Մենք նման մարդկանց տեղ չենք տալիս»,- ասաց Գագիկ Գինոսյանը՝ վստահություն հայտնելով, որ Սուրիկ Խաչատրյանի նման կերպարներին «ուռճացնելով» ՝ երես ենք տալիս նրանց, ովքեր իրենց տրված ամենափոքրիկ հնարավորությունն օգտագործում են: Իր համույթի ներսում Գագիկ Գինոսյանն օրինակ՝ «երես է տալիս» նրանց, ովքեր երես առած չեն:










