Մինչև վաղը գործում է Երևանի հին ավագանին, որի կազմում է բոյկոտած ՀԱԿ-ի առաջին համար Լևոն Տեր-Պետրոսյանը
Այսօր մինչև ժամը 18։00-ը գործում է 2009 թ. մայիսի 31-ին ընտրված հին ավագանու կազմը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան» և ֆորմալ «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ-ն այն ժամանակ չվերցրեց մանդատները) կազմով, որի առաջին համարն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նորընտիր ավագանու առաջին նիստում, համաձայն «Երևանի մասին» ՀՀ օրենքի, հին ավագանու լիազորությունները կհամարվեն դադարեցված: Այն գումարվելու է վաղը՝ Երևանի քաղաքապետարանում՝ հետևյալ օրակարգով.
1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում,
2. Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր,
3. Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների կազմավորում,
4. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում,
5. Երևանի ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։
Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը, ում անունը շրջանառվում է որպես Երևանի քաղաքապետի տեղակալ, Tert.am-ին ասաց, որ վաղը քաղաքապետի տեղակալների հարց չի քննարկվելու: Ըստ վերջինիս՝ վաղը կընտրվեն հանձնաժողովի նախագահներ ու տեղակալներ, իսկ հետագա ընթացակարգերով՝ Երևանի քաղաքապետի հաստատում, երդում, ապա միայն՝ տեղակալների հարցի քննարկում:
Ի պատասխան հարցի, թե իր թեկնածությու՞նն առաջադրվելու է, Նաիրա Նահապետյանն ասաց. «Էականը հանձնաժողովների կազմն է, հետո կտեսնենք»:
Նշենք, որ Երևանի ավագանու ՀՀԿ-ական հին ու նոր կազմերի միջև որոշ փոփոխություններ են ի հայտ եկել:
Մասնավորապես՝ ներկա տասնյակում կազմը հետևյալն է. Մարգարյան Տարոն, Լպուտյան Սմբատ, Թոքմաջյան Հովհաննես, Մուսայելյան Հովիկ, Գևորգյան Աստղիկ, Երնջակյան Արա, Վարդազարյան Մարտին, Ազարյան Ենոք, Իգիթյան Լևոն, Ասատրյան Աննա:
Հին ավագանու երկրորդ համարի՝ ճարտարապետ Հրաչ Պողոսյանի անունն այլևս չկա առաջին տասնյակում։ Չկան նաև՝ նախկին 3-րդ, 4-րդ և 10-րդ համարներ Սերգեյ Մկրտչյանի, Գեորգի Գաբրիելյանի և Արթուր Հովհաննիսյանի անունները:
Ինչպես հին կազմում, այնպես էլ հիմա ԲՀԿ ավագանին 17 հոգանոց է:
Առաջին տասնյակը գրեթե ամբողջությամբ փոխվել է, մասնավորապես՝ խմբակցության հին կազմի ղեկավար Գուրգեն Գասպարյանին հիմա կփոխարինի Թամար Պողոսյանը, ով համարվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հիմնական թեկնածու:
Առհասարակ, առաջին տասնյակն ամբողջությամբ փոփոխված է. Արմենուհի Գևորգյանին (ըստ համարների հերթականության) կփոխարինի Ջիվան Պողոսյանը, Պողոս Փլավչյանին՝ Արմեն Սահակյանը, Գագիկ Սանթրոսյանին՝ Գրիգոր Գրիգորյանը, Հարություն Կարապողոսյանին՝ Գուրգեն Եսայանը, Արտակ Ավետիսյանին՝ Վահան Միրզոյանը և այդպես շարունակ:
Հիշեցնենք, որ ԲՀԿ ներկա ավագանու կազմի առաջին տասնյակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանը՝ իններորդ հորիզոնականում:
Այս անգամ Երևանի ավագանիում ընդդիմությունից ՀԱԿ-ին փոխարինել է «Բարև Երևան» դաշինքը:
Նշենք, որ ՀԱԿ-ի (նախկին դաշինքի) ավագանու հին կազմում, որն այդպես էլ չստանձնեց լիազորությունները, ներառված է Մանվել Գասպարյանը, իսկ հիմա «Բարև Երևան» դաշինքի նոր ավագանու կազմի անդամ է նրա եղբայրը՝ Արթուր Գասպարյանը:
Իսկ ցուցակի երկրորդ համար Սուրեն Աբրահամյանը, Լյովա Եղիազարյանը, Արտակ Զեյնալյանը, Մասիս Այվազյանը, Դավիթ Առաքելյանը, ՀԱԿ-ից հեռացած «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներ էին, որտեղից ևս Մասիս Այվազյանն ու Դավիթ Առաքելյանը հեռացան՝ մտնելով նոր ՀՀՇ՝ Հայոց համազգային կուսակցություն:
«Բարև Երևան» դաշինքի 6 հոգանոց կազմում են, հիշեցնենք, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, դաշինքի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը և Դավիթ Սանասարյանը:
Դաշինքի կազմում, փաստորեն, միայն մեկ անդամ՝ Արթուր Գասպարյանն է «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունից:
Լուսանկարը՝ Civilnet.am-ի










