Նյու Յորքում հոգեբանական օգնության ռադիոծրագրի հաղորդավարները միասին ինքնասպան են եղել
Ոադիոյով հեռարձակվող «Երջանկության հետքերով» ծրագրի հաղորդավարներ Ջոն Լիթիգն ու Լինն Ռոզենը ինքնասպան են եղել՝ հելիում պարունակող պոլիէթիլենային տոպրակների միջոցով: Այժմ Նյու Յորքի ոստիկանությունը և լրագրողները փորձում են պարզել, թե ինչու են այդ քայլին գնացել մարդիկ, ովքեր ամեն օր ուղղորդում և ոգեշնչում էին ուրիշներին, գրում է Russia Today-ը:
Daily News-ի փոխանցմամբ՝ հաղորդավարները ռադիոլսողներին խորհուրդ էին տալիս հաճախ գրկախառնվել՝ չսպասելով հատուկ առիթի: Այս զույգն իր հաղորդումների ընթացքում մարդկանց խորհուրդ էր տալիս, թե ինչպես հաղթահարել այս կամ այն դժվարությունները:
47-ամյա տղամարդու և 45-ամյա կնոջ մարմինները հայտնաբերել են նրանց հարևանները այն առանձնատանը, որտեղ 20 տարի շարունակ ապրել է զույգը: Նրանց մոտ երկու երկտող են հայտնաբերել: Ռոզենը գրել է, որ իրենք մահանալու որոշումը միասին են կայացրել, իսկ Լիթիգը ներողություն է խնդրել ընկերուհու ծնողներից:










