ԼՂ հարցի կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրար չեն վստահում. Մեթյու Բրայզա

11:02 • 07.06.13

«Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց չկա, բայց դա չի նշանակում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որևէ քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Բրայզան հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները միմյանց չեն վստահում, ինչը ևս խոչընդոտում է հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

 

«Նախագահների միջև ինչ-որ մեկը պետք է վստահություն ստեղծի. դա կարող է անել և' Բարաք Օբամայի (ԱՄՆ նախագահ) վարչակազմը, և' պետքարտուղար Ջոն Քերին: Մինսկի խմբի կազմում մշտական համանախագահ նշանակելով (Ռոբերտ Բրադտկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում իր առաքելությունն ավարտեց անցած տարվա դեկտեմբերին, ժամանակավոր համանախագահ նշանակվեց դիվանագետ Յան Քելին: Սպասվում է, որ մշտական համանախագահը կնշանակվի մինչև տարեվերջ-Tert.am)` ԱՄՆ-ն կակտիվացնի հակամարտության կարգավորման ուղղությամբ իր ջանքերը: Դրանից հետո Ջոն Քերին կարող է ավելի նշանակալի դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում»,-նշել է նա:



Բրայզան նաև կարծիք է հայտնել, որ մինչև Ադրբեջանի նախագահական ընտրությունները (2013թ. հոկտեմբեր) ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց չի արձանագրվի: «Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն և միջազգային մյուս կառույցները կհայտարարեն, որ այս ընտրություններն ամենաժողովրդավարականն էին ու թափանցիկը»,-հավելել է նա:

 

Հավելենք, որ Բրայզան Ադրբեջան ժամանել է «Եվրամիություն-Ադրբեջան. անվտանգություն և ինտեգրում» խորագրով խորհրդաժողովին մասնակցելու համար, որն անցկացվել է այսօր, մայրաքաղաք Բաքվում:

 

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը (պատմական Հայաստանի անբաժան մասն է) հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին:



1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, կողմ քվեարկեց Ադրբեջանից ամբողջովին անկախանալու օգտին։ Դրանից հետո սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը (1921 թ-ին հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ներառվեց Ադրբեջանի կազմի մեջ) Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից յոթ շրջանների նկատմամբ:



1994 թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ զինադադարի մասին համաձայնագիրը. հակամարտության գոտում ավարտվեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը պահպանվում է մինչև այժմ:



1992 թ-ից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի (համանախագահող երկրները՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) շրջանակում բանակցություններ են ընթանում: