Քննարկվում է Հայաստանում ՌԴ-ի և ՀՀ-ի միջև պետական պահուստների համատեղ գործակալության ստեղծման հարցը
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարության պետական պահուստների գործակալություն։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության խորհրդի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ գործակալության ղեկավարները ներկայացրել են առկա խնդիրները, հետագա գործունեության առնչվող հարցերը, ինչպես նաև պահեստների և այլ ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման հնարավորությունները:
Ի լրումն. hամաձայն գործող պլանի` այժմ քննարկվում է Հայաստանում Ռուսաստանի և Հայաստանի միջև պետական ռեզերվների համատեղ գործակալության ստեղծման հարցը, որը կծառայի որպես Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք:
Քննարկումների արդյունքում նշվել է, որ այն Հայաստանի անվտանգության ամրապնդման և Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից կունենա կարևոր նշանակություն:










