Ազատամարտիկները Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել են Ազատամարտիկի օր սահմանել

13:27 • 07.06.13

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած ազատամարտիկներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։


Կառավարության ղեկավարը լսել է ազատամարտիկներին հուզող խնդիրներն ու հարցերը, վերջիններիս հետ հանգամանալից քննարկել դրանց լուծման հնարավորությունները, ուղիները, ծանոթացել նրանց ներկայացրած առաջարկությունների փաթեթին:


Որպեսզի պետության օժանդակությունը լինի հասցեական՝ վարչապետը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը մանրամասն ուսումնասիրել սոցիալական ծրագրերում ներգրավված ազատամարտիկների ցուցակները և դրանցում իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ:


Ազատամարտիկները վարչապետի հետ կիսվել են, որ սոցիալական խնդիրներից զատ, այսօր իրենց ոչ պակաս մտահոգում է հասարակության ոչ պատշաճ վերաբերմունքն իրենց նկատմամբ, ինչը բարոյալքման ֆոն է ստեղծում: Նրանք մատնանշել են նաև լրատվամիջոցների ոչ ճիշտ արձագանքն իրենց բարձրացրած խնդիրներին. իրենք ոչ թե բողոքում են, այլ հրավիրում կառավարության ուշադրությունն իրենց նկատմամբ:


Որպես այդ ուշադրության առաջին դրսևորում, ազատամարտիկներն առաջարկել են, որպեսզի հանրապետությունում սահմանվի Ազատամարտիկի օր, որը կկարգավորվի օրենքով: Զրուցակիցները քննարկել են նաև հայրենասիրական դաստիրակությանը, Ազատամարտիկի թանգարանի հիմնմանը և այլ խնդիրներին առնչվող հարցեր:


Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը խոստացել է կառավարությունում քննարկել բարձրացված խնդիրները, փորձել գտնել անհրաժեշտ լուծումներ, որոնք կարճ ժամանակ անց ևս մեկ անգամ կքննարկվեն ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ: