Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինվորի վրա 11-ամյա երեխա է հարձակվել. ԶԼՄ-ներ
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի չորս զինվոր է զոհվել: Նրանցից երեքն Ամերիկայի քաղաքացիներ են եղել, որոնց վրա հարձակում է գործել աֆղանական բանակի համազգեստով տղամարդը: Չորրորդ զինծառայողի՝ իտալացի կապիտանի վրա, հնարավոր է, երեխա է հարձակվել, հայտնում է Russia Today-ը՝ Sky News-ին հղումով:
Ամերիկացի զինծառայողները զոհվել են Աֆղանստանի արևելյան Պակտիկա նահանգում:
Արևմտյան Ֆարահ նահանգում զոհվել է ՆԱՏՕ-ի իտալացի զինծառայողը, ևս չորս զինվոր վիրավորվել է: Նրանք ռազմաբազա էին վերադառնում հերթապահությունից հետո, երբ զրահամեքենայի դանդաղ ընթացքի պահին մեքենայի մեջ նռնակ է նետվել: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը, որի ղեկավարը հայտնել է, որ ռումբը 11-ամյա տղա է նետել:
Ըստ աղբյուրի՝ այս ամիս հարձակումների հետևանքով ՆԱՏՕ-ի 16 զինծառայող է զոհվել:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենա է պայթեցրել Աֆղանստանի Հելմանդ նահանգում, ինչի հետևանքով վրացի 6 զինծառայող է զոհվել, ևս 9-ը վնասվածքներ են ստացել:










