Երևի, այսպես պետք է լիներ. ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Բարև Երևան» դաշինքը պատասխանում են, թե ինչպես են աշխատելու միասին
«Բարև Երևան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հարցին, թե ավագանու մյուս նիստերին էլ է դաշինքը պատրաստվում այսպես մասնակցել, այսինքն՝ քվեարկություններին չմասնակցելով, պատասխանեց, թե բացարձակապես ոչ։
«Բացարձակ, այն որոշումները, որոնք ի շահ քաղաքացիների կլինեն ինչպես խորհրդարանում է եղել, մենք կողմ կքվեարկենք, բայց եթե տեսնենք այստեղ որոշումներն են ընդունում, որոնք քաղաքաշինական, էկոլոգիական խնդիրներ են առաջացնելու յուրացումների մեծ դաշտ են ապահովելու, ինչպես մինչև հիմա եղել է, բնականաբար, այդպիսի որոշումներին ամենախիստ ձևով ընդդիմանալու ենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը և ավելացրեց, թե այն աշխատանքը, որ բնորոշ է եղել «Ժառանգությանը» դա շարունակելու են։
Նշենք, որ Երևանի ավագանու նորընտիր անդամների այսօր կայացած առաջին նիստին ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամները չմասնակցեցին քվեարկությանը, քանի որ Տարոն Մարգարյանն առանց օրակարգը հաստատելու անցավ քվեարկության։
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այսօր՝ ավագանու առաջին նիստին, «Բարև Երևան» դաշինքի անդամների պահվածքը գուցե անհասկանալի էր լրագրողների համար։ «Ոչինչ, ձեր համար գուցե անհասկանալի է, բայց կարևորը, որ մեր քաղաքացիների համար էր հասկանալի։ Իհարկե, սա այն ընտրությունը չէր, որը մեր քաղաքացիների խնդիրները քաղաքային մասով լուծելու է, բայց ցանկացած պարագայում, քանի որ վստահություն են տվել մեզ, մեր քաղաքացիների շահը և ամբողջ դաշտի շահը փորձելու ենք լուծել»,- ասաց նա։
«Բարև Երևան» դաշինքի անհամաձայնություններով հանդերձ՝ Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու առաջին նիստը համարեց առողջ աշխատանքային մթնոլորտում անցկացված։
«Առողջ մթնոլորտ էր, թե «Հանրապետական», թե «Բարգավաճ Հայաստան» և թե «Բարև Երևան» խմբակցություններն իրենց կարծիքները հայտնեցին, նորմալ աշխատանքային մթնոլորտ է, երևի այսպես պետք է լիներ»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Տարոն Մարգարյանին չի հուզում, որ դաշինքը չմասնակցեց քվեարկությանը։ «Դաշինքի իրավունքն է, բայց 64 ավագանու անդամներից 59-ը մասնակցեցին քվեարկությանը»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենք աշխատելու են քաղաքացիներին հաշվետու լինելով։ «Երևանում կան բազում չլուծված խնդիրներ և մեր գործն է լինելու լուծել այդ խնդիրները և հաշվետու լինել մեր քաղաքացիներին»,- ասաց նա:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը Tert.am-ի հարցին, թե ԲՀԿ-ն ԱԺ խմբակցության նման այստեղ էլ է լինելու այլընտրանք՝ պատասխանեց. «ԲՀԿ-ն քաղաքական դաշտում չի կարող ամեն օր քաղաքական մոտեցումներ և սկզբունքներ փոխել։ ԲՀԿ նախագահի կողմից հստակ արվել է հայտարարություն, որտեղ ճշտվել է ԲՀԿ դերը քաղաքական դաշտում»,- ասաց նա։
Թամար Պողոսյանը նշեց, որ իրենք իրականացնելու են նախընտրական ծրագրերը։ «Ես կարծում եմ, որ Երևանի ավագանին ինչպես ձևավորված է քաղաքական կուսակցությունների համամասնական ցուցակներում, և յուրաքանչյուր խմբակցություն առաջինն իրականացնելու է իր նախընտրական ծրագրերը, իր կուսակցության ծրագրերը, բնականաբար, մենք չենք կարող իրարամերժ քաղաքական սկզբունքներով և դիրքորոշումներով առաջնորդվել Երևանի ավագանու գործունեության շրջանակներում»,- եզրափակեց նա։
Նշենք, որ այսօր անցկացվեց ավագանու առաջին նիստը, որի ժամանակ «Բարև Երևան» դաշինքի 5 անդամները չթաքցրեցին իրենց ընդդիմադիր կեցվածքը։ Ի տարբերություն նրանց, ԲՀԿ-ն ավելի կառուցողական էր տրամադրված։ Նրանք Դաշինքի անդամներին հակառակ՝ ծափողջույններով շնորհավորեցին վերընտրված Տարոն Մարգարյանին։










