Կիպրոսի ափերին խոշոր զինանոց է հայտնաբերվել

21:01 • 08.06.13

167 տեսակի զինամթերք և պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել Կիպրոսի հարավային ափերի մոտ՝ Լառնակա և Լիմասոլ քաղաքների միջև ընկած հատվածում: Զինամթերքը հայտնաբերվել է զբոսաշրջային հայտնի կենտրոն հնադիսացող Զիգի գյուղից վտանգավոր հեռավորության վրա, տեղեկացնում է Russia Today-ը:


Գտնվել են հրետանային ռումբեր, նռնակներ, ինչպես նաև հրթիռների տեղակայման համար նախատեսված զրահատեխնիկա և տանկեր: Կիպրոսի զինվորականների կարծիքով զրահատեխնիկան ծովն են նետել 1980-1993 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:


Հայտնաբերումը, ըստ փորձագետների, կարող է վնաս ներկայացնել զբոսաշրջիկների համար, քանի որ ջրի հոսանքը կարող է զենքերը ափ հանել, որտեղ գտնվում է Զիգի գյուղը: Բացի այդ վտանգավոր նյութերը սպառնալիք են հանդիսանում նաև հեղուկ բնական գազի տերմինալի կառուցման համար, որը տեղի իշխանությունները մտադիր են անել այդ տարածաշրջանում:


Կիպրոսի կառավարությունը հանձնարարել է հետաքննություն սկսել, որի մանրամասները կուղարկվեն նաև ՄԱԿ: Միջազգային կազմակերպությունը խնդրել է տեղեկություն ուղարկել նաև այն մասին, թե ինչ վտանգ կարող է հասցնել հայտնաբերված զինամթերքը բնակիչներին, կենդանական և բուսական աշխարհին: