Բացվեց այս տարվա առաջին գյուղատնտեսական մթերքի տոնավաճառը. գոհ էին թե՛ գյուղացիները, թե՛ գնորդները (տեսանյութ)
Երևանի Մաշտոցի պուրակին հարող տարածքում` Ե.Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ, այսօր վերաբացվեց գյուղատնտեսական մթերքի ավանդական տոնավաճառը: Թեև նախապես հայտարարվել էր, որ բացմանը ներկա կլինեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն նրանք չեկան:
Փոխարենն այստեղ էր ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ով լրագրողների հետ զրույցում կարևորեց տոնավաճառի բացումը և տեղեկացրեց, որ առաջիկայում ևս մեկ նման տոնավաճառ կբացվի Կասյան փողոցի հարակից տարածքում:
«Եթե անհրաժեշտություն լինի քաղաքապետարանը պատրաստակամ է նման տոնավաճառներ բացել նաև այլ վարչական շրջաններում: Այս տարի բազմաթիվ նորամուծություններ կլինեն, օրինակ, գյուղացիները պետք է էլեկտրոնային եղանակով գրանցվեն և շուտով կլինի կայք, որտեղ տեղեկատվություն կլինի, թե քանի գյուղացի է իր բերքը այստեղ վաճառում և նրանց մասին տեղեկատվություն: Այն խոսակցությունները, թե հնարավոր է լինեն վերավաճառողներ, կվերանան, քանի որ ցանկացած քաղաքացի կարող է տեսնել ապրանք վաճառող գյուղացուն»,-ասաց նա:
Ռոբերտ Մակարյանը վստահեցրեց, որ տոնավաճառում ներկայացված ապրանքների գները համեմատաբար ցածր են: Նույնը փաստեցին նաև գնումներ կատարողները, սակայն միաժամանակ ընդգծելով, որ տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Tert.am-ի հետ զրույցում Նարինեն նշեց, որ գները այնքան էլ ցածր չեն այլ տեղերի հետ համեմատած, սակայն իր համար կարևոր է, որ գնումներ է կատարում անմիջապես գյուղացուց:
Տոնավաճառ այցելած Անահիտն էլ, ով հասցրել էր գնել լոլիկ, վարունգ, կանաչի և այլ բանջարեղեններ, նշեց, որ վերջապես, շուկան վերաբացվեց և իրենք ընտրության լայն հնարավորություն ունեն:
«Արդեն հոգնել ենք թանկ սուպերմարկետներում առևտուր անելուց: Մանավանդ էս կենտրոնում չկան շուկաներ, չորս բոլորը թանկ խանութներ են: Ես շատ գոհ եմ, ուզում եմ, որ միշտ գործի էս շուկան»,- ասաց նա և շնորհավորեց գյուղացիներին:
Նշենք, որ գյուղացիներին տարածքը, կշեռքներն ու սայլակները ՀՀ գյուղնախարարությունը տրամադրել էր անվճար, ինչից գյուղացիները շատ գոհ էին։










