Թբիլիսիում բողոքի ցույց է անցկացվել՝ Աֆղանստանից վրացի զինվորներին դուրս բերելու պահանջով

19:43 • 08.06.13

Թբիլիսիում՝ կառավարության շենքի առջև, շուրջ 3.000 ցուցարարներ բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով Աֆղանստանից դուրս բերել վրացի զինծառայողներին: Բողոքի ցույցի կազմակերպիչներն են եղել ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները և ամիսներ առաջ ազատ արձակված քաղբանտարկյալները, ովքեր ցույցի էին եկել «Աֆղանստանից դուրս հանեք վրացի զինծառայողներին» պաստառներով, տեղեկացնում է rus.ruvr.ru-ն՝ Интерфакс-ին հղումով:

 

Ցուցարարները լրագրողներին հայտնել են, որ պատերազմն Աֆղանստանում որևէ կապ չունի Վրաստանի հետ, սակայն այնտեղ է գտնվում շուրջ 1.600 վրացի զինծառայող։ Նրանցից 29-ը զոհվել է վերջին չորս տարիների ընթացքում։

 

Վրացիներին Աֆղանստանից դուրս բերելու կոչով հանդես է եկել նաև Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը՝ առաջարկելով հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնել զինծառայողներին Աֆղանստանից դուրս բերելու հարցով:

 

Մինչդեռ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե վրացի զինծառայողները դուրս գան Աֆղանստանից, ապա եվրոպացի դիտորդները կհեռանան Վրաստանից:

 

Այս շաբաթ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ չնայած զոհերին, վրացի զինվորները կմնան Աֆղանստանում:


Հիշեցնենք, որ հունիսի 6-ին 7 վրացի զինծառայող է զոհվել Աֆղանստանի ռազմաբազայի վրա կատարված հարձակման հետևանքով, ևս 9-ը վիրավորվել են: