Ս. Օհանյանը մասնակցեց հայկական զորամասերից մեկում կազմակերպված ցուցադրական վարժանքներին (տեսանյութ, լուսանկարներ)

16:00 • 08.06.13

Տավուշի մարզի սահմանային զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված լրագրողական շրջայցի ժամանակ ուսումնական վարժանքներ անցկացվեցին, որի ժամանակ ցուցադրվեց ժամկետային և պայմանագրային մի խումբ զինծառայողների մարտական պատրաստվածությունը։


Լրագրողների հետ առաջնագծում էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով ուսումնական վարժանքներից հետո խոսելով զինվորների հոգեբանական պատրաստվածության մասին՝ ասաց, որ հրաձգարանում մարտական պատրաստվածության պարապմունքներ անցկացնելով՝ զինվորին հոգեբանորեն պատրաստում են մարտական գործողությունների։


«Դրանց ժամանակ կրակը, պայթյունները, ծխապատված տարածքների անցումը, քիչ առաջ տեսանք տանկով փորձարկումը, երբ հակառակորդին բաց թողնելը, այնուհետ ոչնչացնելը, հոգեբանական պատրաստվածության գործնական ուղղվածություն են»,- ասաց նախարարը։
Նա օրինակ բերեց, թե պատերազմի ժամանակ, երբ փամփուշտն անցներ զինվորի գլխավերևով, «վզզար», ոչ մի զինվոր գլուխը չէր իջեցնի, որովհետև գիտեր՝ այն փամփուշտը, որը քոնն է, չի «վզզում», այլ անձայն դիպչում է։


«Մենք հիմա, երբ լինում ենք դիրքերում, երբ մարտական լայնածավալ ու ինտենսիվ գործողություններ չկան, նման դեպքում գլուխներս միշտ ցածրացնում ենք, որովհետև հոգեբանորեն այդ պահին պատրաստ չենք։ Պատերազմի ժամանակ նույնիսկ այդ կրակոցների, պայթյունների, ծխապատված տարածքների վառված արգելափակոցների հաղթահարման ընթացքում, զինվորները ուշադրություն չեն դարձնում, որովհետև պատերազմական գործողություններն արդեն հոգեբանորեն պատրաստում են զինվորին ցանկացած իրավիճակում պատրաստ լինել իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելուն»,- նշեց Սեյրան Օհանյանը՝ ավելացնելով, որ ՀՀ որոշ զորամասային հրաձգարաններում արդեն ունեն առանձնացված տարածքներ գործնական պարապմունքներ անցկացնելու համար, և շուտով բոլոր զորամասերն են ունենալու։ Եվ դա եվրոպական և նաև ՆԱՏՕ-ի բանակների պատրաստվածության առաջնային չափանիշներից մեկն է:


Իսկ հատկապես առաջնագծում հայ զինվորի պատրաստվածության վերաբերյալ պատկերացում կազմելու համար առաջարկվում է դիտել տեսանյութը։ Նշենք, որ առաջնագծում ցուցադրական վարժանքներ իրականացնող զինծառայողներից շատերը ժամկետայիններ են, ովքեր ամենաքիչը մեկ տարի արդեն ծառայում են։