Ոչ միայն Հանրապետության հրապարակի, այլև մայրաքաղաքի այլ հրապարակների համար նման մրցույթներ կհայտարարվեն. Տարոն Մարգարյան

15:43 • 08.06.13

Հանրապետության հրապարակի վերակառուցման մասին բաց մրցույթի հայտարարությունն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, այլապես մրցույթը չէր հայտարարվի. այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։


Նա նշեց, որ ոչ միայն Հանրապետության հրապարակի, այլև մայրաքաղաքի այլ հրապարակների համար մրցույթներ կհայտարարվեն։ «Մենք ոչ թե Հանրապետության հրապարակի մասով ենք բաց մրցույթ հայտարարել, այլ երկուշաբթի կհայտարարենք արդեն քաղաքապետարանի դիմացի հրապարակի, Ֆրանսիական հրապարակի, Բրազիլական հրապարակի և ծայրամասի այլ հրապարակների բաց մրցույթ։ Մեր կարծիքով մասնագիտական լուրջ կարծիք է անհրաժեշտ մեր ճարտարապետների կողմից, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել այդ մրցույթին»,-ասաց նա։


Եվ ընդհանրապես, ըստ քաղաքապետի՝ պետք չէ այդ առաջարկին այդպես վատ վերաբերվել։ «Մրցույթը կայանալու դեպքում էլ չի նշանակում, որ հաջորդ օրը քայլեր են ձեռնարկվելու այնտեղ։ Մրցույթը կարող է արդյունք չտալ կամ այն արդյունքը տալ, որն ընդունելի լինի մեր երևանցիների համար։ Վստահեցնում եմ, որ բացի ճարտարապետների մասնագիտական կարծիքից, նաև հաշվի է առնվելու երևանցիների կարծիքը»,- ասաց նա։


Դիտարկմանը, թե ճարտարապետներն այդ առաջարկին դեմ են և բողոքում են, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ոչ բոլոր են բողոքում, մի մասը բողոքում է, մի մասը չի բողոքում։ Կան անձնավորություններ, անուններ չեմ ուզում տալ, որոնք ստորագրել են և համաձայն են բաց մրցույթ անցկացնելուն, հետո սկսել են քննադատել»,- ասաց նա։


Առաջարկությանը, թե այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնել, քաղաքապետը լուրջ չընդունեց. «Դա այն հարցը չէ, որ հանրաքվեի միջոցով որոշվի, դա ընդամենը ճարտարապետական կարծիքներ իմանալու համար է։ Այո, կան քննադատող ճարտարապետներ, ի վերջո, իրենց իրավունքն է, ինչը մեր համար նույնպես կարծիք է»,- ասաց նա։


Նա նշեց, որ Փակ շուկայի օրինակով կշարունակեն ապամոնտաժել այն շինությունները, որոնք օրենքի խախտմամբ են կառուցվել։ «Ովքեր օրենքը խախտեցին և փորձեցին մեր ճարտարապետական դիմագիծը փչացնել, անպայման օրենքի շրջանակներում պատժի կենթարկվեն։ Փակ շուկայի դեպքում իրավական երկու արձանագրություններից հետո քայլեր ձեռնարկեցինք»,- եզրափակեց նա։