Ստոկհոլմում այսօր կկայանա Շվեդիայի արքայադուստր Մադլենի պսակադրությունը

15:45 • 08.06.13

Ստոկհոլմը և Շվեդիայի միապետական ընտանիքի անդամները պատրաստվում են Կառլ 16-րդ Գուստավ թագավորի և Սիլվիա թագուհու կրտսեր դստեր՝ արքայադուստր Մադլենի պսակադրությանը, ով այսօր ամուսնանում է ամերիկացի ֆինանսիստ Քրիստոֆեր Օ՛Նիլի հետ, հայտնում է Взгляд-ը։

 

Արքայադուստր Մադլենը թագաժառանգ չէ, այդ պատճառով էլ նրա հարսանիքը, նախևառաջ, իրադարձություն է թագավորական ընտանիքի համար։ Սակայն ծրագրում ներառված են նաև պաշտոնական միջոցառումներ, որոնց են դասվում պալատական եկեղեցում պսակադրությունն ու հարսանեկան շարասյունով Ստոկհոլմի բնակիչներին և հյուրերին ողջունելը, որը կանցնի քաղաքի կենտրոնով։

 

Պսակադրության արարողությանը կմասնակցի 1200 հյուր, որոնց թվում կլինեն ոչ միայն զույգի ընկերները և բարեկամները, այլև եվրոպական երկրների թագավորական ընտանիքների անդամներ, Շվեդիայի քաղաքական գործիչներ և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։ Իսկ Դրոթինգհոլմ պալատում հյուրասիրությանը հրավիրված է 500 մարդ։

 

Զույգը նշանադրվել է նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին։ Տոնակատարությունից հետո նորապսակները կվերադառնան Նյու Յորք։ Քրիստոֆերը հրաժարվել է թագավորական տիտղոսներից՝ որոշելով վարել նախկին կենսակերպը։