Թուրքիայում բախումները դադարել են. ցուցարարները շարունակում են փողոցներում մնալ
Վերջին օրերը Թուրքիայի քաղաքների մեծ մասում հանգիստ են անցել. ցուցարարները շարունակում են փողոցներում մնալ, սակայն հանգիստ են իրենց պահում։ Նրանք վրանային ճամբարներ են խփել, գրքեր են կարդում, համերգներ կազմակերպում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մեզ այստեղ սնունդ են բաժանում անվճար, մարդիկ են բերում տներից։ Զուգարաններ կան։ Աղբը հավաքում ենք։ Եվ մենք չենք պատրաստվում գնալ, քանի դեռ կառավարությունը չի լսել մեր պահանջները»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցներից մեկը։
Թուրքական TGRT հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ թուրք գործարարը, որը ցանկացել է չներկայանալ, իր հաշվին զուգարաններ է տեղադրել հրապարակում։
«Իզմիրում երեքշաբթի օրվանից բոլոր բողոքի ակցիաները խաղաղ վիճակի են անցել։ Քաղաքի կենտրոնում արդեն մի քանի օր տոնական մթնոլորտ է։ Բեմ ենք կառուցել, որտեղ ամեն օր արտիստներ են ելույթ ունենում»,- գործակալությանը պատմել է Իզմիրում ցույցերի մասնակից Էնգին Թաթլըբալը։
Անկարայում նույնպես իրավիճակը հանդարտվել է։ «Մենք բոլորս սպասում էինք Էրդողանին (Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան-Tert.am), թե երբ է վերադառնալու Աֆրիկայից ու ճիշտ հայտարարություն անի։ Ցավոք, դա տեղի չունեցավ: Կշարունակենք բողոքել»,- ասել է Թոլգա անունով մի ցուցարար։
12 օր շարունակ Թուրքիայի ողջ տարածքում անցկացվում են հակակառավարական ցույցեր, որոնք սկիզբ են առել Ստամբուլի Գեզի զբոսայգու ծառահատումների և դրանց տեղն առևտրի կենտրոն կառուցելու մասին թուրքական իշխանությունների որոշումից հետո։










