Երեխաների կյանքը փրկած «անմռութ» շանը Ֆիլիպիններում հերոսի պես են դիմավորել (տեսանյութ)

14:58 • 09.06.13

Ֆիլիպիններում սեփական կյանքը վտանգած ու 2 աղջիկներին փրկած շանը հայրենիքում դիմավորել են իսկական հերոսի պես։
Ինչպես նշում է BBC-ն, Կաբանգ մականունով փողոցային շունը, երեխաների կյանքը փրկելով, ինքն էր հայտնվել մոտոցիկլի անիվների տակ, ինչի հետևանքով նա մռութի մի մասը կորցրել էր։

 

Շանն ուղարկել են Կալիֆորնիա, որտեղ վիրահատվելուց հետո Կաբանգը վերադարձել է Ֆիլիպիններ։ Մանիլայի օդանավակայանում «չորքոտանի աստղին» դիմավորել են շարքային քաղաքացիներն ու լրագրողները։

 

Միջադեպը, որից հետո շունը ճանաչում է ձեռք բերել, տեղի է ունեցել անցած տարի Զամբոանգա քաղաքում։ Երկու մանկահասակ աղջիկներ կարող էին արագընթաց մոտոցիկլի տակ ընկնել ու մահանալ, սակայն շունն անձամբ է նետվել դրա անիվների տակ ու փոխել փոխադրամիջոցի ընթացքը։ Այնուհետև տեղացիները հավաքել են անհրաժեշտ տասնյակ հազարավոր դոլարներն ու շանն ուղարկել վիրահատության ՝ Կալիֆորնիա։