Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար հոգեբուժարաններին այլընտրանքներ կստեղծվեն
Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը կարևորում է կառավարության կողմից ներդրվող սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունները, որոնք այսուհետ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կտրամադրվեն խնամքի տների և ցերեկային կենտրոնների միջոցով:
Այս մասին տեղեկացվում է Վանաձորի ՀՔԱ գրասենյակի կայքում:
Նշենք, որ համապատասխան հայեցակարգը կառավարությունն արդեն հաստատել է, և որոշման համաձայն, առաջիկա 5 տարիներին երկրում կստեղծվի շուրջօրյա խնամքի տուն և համայնքային ցերեկային կենտրոն, նաև՝ կգնվի կամ կվարձակալվի առնվազն 10 բնակարան կամ 1 առանձնատուն՝ սատարող կացարան ստեղծելու համար։
Ըստ կատարված հաշվարկների՝ այս կառույցների գործունեության շնորհիվ խնամքի այլընտրանքային ծառայությունից կօգտվի հոգեկան առողջության խնդիր ունեցող ավելի քան 300 մարդ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իրավապաշտպաններին հայտնել է, որ 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշմանդամություն ունեցող 182643 անձանցից 20064-ը հաշմանդամ են ճանաչվել հոգեկան կամ մտավոր խնդիրների պատճառով, որը հաշմանդամների ընդհանուր թվի 10,9 տոկոսն է։
Իսկ հաշվառված հոգեկան հիվանդների թիվը Հայաստանում շուրջ 45.000 է։
Նշվում է, որ սոցիալական պաշտպանության համակարգում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման համար մեր երկրում գործում է 1 հատուկ մասնագիտացված տուն-ինտերնատ, 3 մասնագիտացված մանկատուն։ Իսկ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, որը միակն է ՀՀ-ում, իրականացնում է միայնակ տարեց և քրոնիկ հոգեկան հիվանդների շուրջօրյա խնամք:
Նշված տուն-ինտերնատում բնակվում է 450 մարդ և ներկայում այստեղ ընդունվելու համար նախարարությունում հաշվառված է շուրջ 50 մարդ, սակայն համապատասխան հաստատություն չլինելու պատճառով նրանք ամիսներով շարունակում են մնալ ընտանիքներում։
Ա. Ասատրյանը, հղում անելով նախարության մասնագետների տվյալներին, հայտնել է, որ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է շուրջօրյա խնամքի կարիք ունեցող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թվի աճի միտում:
Առհասարակ, ըստ մասնագետների, տարեցների մոտ, կապված տարիքի, սոցիալական կարգավիճակի, առողջական վիճակի, միայնակության, ինչպես նաև հոգեբանական այլ բարդույթների հետ, հոգեկան հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը ավելի մեծ է։ Իսկ հոգեկան առողջության առումով ռիսկի գոտում են գտնվում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված՝ անօթևան մարդիկ, որոնք գիշերում են որտեղ պատահի՝ զուրկ սննդից ու տարրական կենսապայմաններից։










