«ՀայՌուսգազարդը» հայտարարում է, որ կասկածողներին ցույց է տվել ՌԴ-ի՝ սահմանի վրայի գազի սակագինը, սակայն կասկածները մնում են

08:10 • 10.06.13

Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագների հաստատումից հետո ոչ միայն չեն մարում, այլև նոր թափ են ստանում խոսակցությունները, թե Ռուսաստանը սահմանի վրա չի բարձրացրել գազի սակագինը, և թանկացումն իրականում «ՀայՌուսգազարդ»-ի «ինքնագործունեության» արդյունք է: 

 

Այս մասին Tert.am-ին ասաց «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, ով հանձնաժողովի նշված նիստին սպառողների անունից պահանջեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հրաժարականը՝ որպես «քրեաօլիգարխիկ համակարգի կցորդի ու կամակատարի»:

 

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո, որում պաշտոնապես հաստատվեցին Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագները, կարմիր թելով անցնում էր նաև մի պնդում, որ Ռուսաստանը չի բարձրացրել կամ գրեթե չի բարձրացրել Հայաստան առաքվող գազի գինը, և իրականում «ՀայՌուսգազարդն» է սեփական նախաձեռնությամբ բարձրացնում գինը:
 

Այս հարցին ի պատասխան «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, հայտարարելով, որ պայմանագիրը կոնֆիդենցիալ է, հավաստիացրեց, որ ինքնագործունեությամբ չեն զբաղվում և խոստացավ ցույց տալ հավելվածը, որտեղ նշված է, որ գազի գինը ՌԴ-ն սահմանի վրա թանկացնում է:

 

Tert.am-ի հետ զրույցում «Կանխե՛նք գազի սակագնի թանկացումը» նախաձեռնության անդամ «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, օրինակ, կարծում է, որ Ռուսաստանը գազի սակագին չի բարձրացրել:

 

Արամ Գրիգորյանն առաջարկեց գտնել և ուշադիր լսել Հ1-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի տաղավարում Ռոբերտ Նազարյանի հայտարարություններից մեկը: «Ասաց, որ Ռուսաստանը «կարծես թե չի բարձրացրել գազի գինը, ռուսական կողմն էլ ուզում է ինչ-որ դրամաշնորհներով էն գինը, որը բարձրացված է, սուբսիդավորել»»: Ըստ Արամ Գրիգորյանի՝ այս նախադասությունը նշանակում է, որ ռուսական կողմից գազի գնի բարձրացման խնդիր չկա, խնդիրը ուրիշ է:


Իրավապաշտպանը նաև նշեց, որ «ՀայՌուսգազարդ»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել փաստաթղթերի փաթեթ, որում ոչ մի նախադասություն չկա, որ «այս, այս, այս փաստաթղթերը գաղտնի են»:


Նշենք, որ «Կանխե՛նք գազի թանկացումը» նախաձեռնության անդամներից Անդրիաս Ղուկասյանն էլ Lragir.am-ին է հայտնել, որ դիմելու է Վարչական դատարան, քանի որ կասկածներ ունեն, թե արդյոք ընդհանրապես գազի գինը բարձրացե՞լ է:

 

Ի պատասխան հարցի, թե Վարդան Հարությունյանն իրեն ցույց տվե՞ց հավելվածը, Արամ Գրիգորյանը նշեց, որ ինքը քննարկման կեսից լքել է դահլիճը, սակայն տեղեկացվել է, որ հավելվածը ներկայացվել է հասարակական կազմակերպություններից ինչ-որ մեկին:

 

«ՀաՌուսգազարդ»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը Tert.am-ին հայտնեց, որ հավելվածը և դրա պատճենը տրամադրվել է նույն նախաձեռնության անդամ Աշոտ Միրզոյանին: Եվ համաձայն այդ հավելվածի՝ սահմանի վրա Ռուսաստանը Հայաստանին գազ է տրամադրում 270 ԱՄՆ դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար:

 

«Մենք հիմնավորումները ներկայացրել ենք: Հանձնաժողովը, որը պետական անկախ մարմին է, իր ուսումնասիրություններն արել և իր որոշումներն ընդունել է, հիմա Անդրիաս Ղուկասյանը կարող է շատ բան հայտարարել: Ըստ որում, հանձնաժողովում էլ հնչեցվեց, որ Անդրիաս Ղուկասյանին տրամադրվել է ողջ փաթեթը՝ 790 էջ պատճենները»:


Նշենք, որ այդ կարգի լուրերին նպաստում է նաև ռուսական լրատվամիջոցներին շուրջ երեք տարվա՝ 2010 թ. վաղեմության մի հոդված, որտեղ Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը հայտարարում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարձրացրել է 7% տոկոսով, սակայն հայաստանյան պաշտոնյաները հաջողացրել են այն բարձրացնել 40% ով:
 

Չնայած ամիս-ամսաթվերին, հոդվածը սոցցանցերում ակտիվորեն տարածվում է և շարունակում է թյուրիմացության մեջ գցել մարդկանց:


Հիշեցնենք նաև, որ ՀԾԿՀ-ն  որոշեց հունիսի 7-ից գազի սակագինը մինչև 10 հազ. խմ սպառողների համար 1 խորանարդ մետրի դիմաց սահմանել 156 դրամ՝ նախկին 132 դրամի փոխարեն, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ 38 դրամ՝ ցերեկվա և 28 դրամ՝ գիշերվա համար՝ նախկին 30-ի և 20-ի փոխարեն՝ համապատասխանաբար։ Այսինքն, արդյունքում, սովորական սպառողների համար գազը թանկացավ 18.2, իսկ էլեկտրաէներգիան՝ 26.7%-ով (գիշերային սակագնի դեպքում՝ 40%-ով)։