Իսլամիստները Սիրիայում մահապատժի են ենթարկել դեռահասի՝ Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար
Սիրիական Հալեպ քաղաքում իսլամիստական խմբավորման զինյալները, որոնք կռվում են նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ, մահապատժի են ենթարկել մի դեռահասի՝ նրան մեղադրելով աստվածհայոյության համար, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France Presse գործակալությանը հղումով։
Նշվում է, որ 15-ամյա Մուհամեդ Կատտան սպանվել է ծնողների և տեղաբնակների աչքի առաջ։ Դեպքից մի քանի օր առաջ դեռահասը հայտարարել էր, որ հավատացյալ չի դառնա, «անգամ եթե Մուհամեդ մարգարեն երկնքից երկիր իջնի»։
Թե որ խմբավորումն է սպանել դեռահասին, հայտնի չէ։ Իրավապաշտպանների տեղեկություններով՝ նրանք հավանաբար օտարերկրացի են եղել, քանի որ խոսել են դասական արաբերենով, այլ ոչ սիրիական բարբառով։
Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը հանցագործությունը համարել է «նվեր Բաշար ալ-Ասադի ռեժիմին», քանի որ նման դեպքերը կհանգեցնեն նրան, որ Սիրիայի ժողովուրդը կսկսի վախենալ Ասադի կառավարության տապալումից։
Սիրիայում կառավարական զորքերի և զինյալների հակամարտությունը շարունակվում է արդեն ավելի քան երկու տարի։ Սկզբնական շրջանում ապստամբները միայն քաղաքական նպատակներ էին հետապնդում, սակայն հակամարտության ընթացքում կշիռ հավաքեցին ծայրահեղական խմբավորումները, որոնցից շատերն ուղիղ կապ ունեն «Ալ-շ Կաիդայի» հետ։










