59 մարզիկ 10 սպորտաձևերում կներկայացնի Հայաստանը համաշխարհային ունիվերսիադայում

11:53 • 01.07.13

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց հուլիսի 6-17–ը Կազանում կայանալիք Համաշխարհային ունիվերսիադա մեկնող ուսանող մարզիկներին՝ հաջողություն մաղթելով նրանց։ Ունիվերսիադային կմասնակցի 59 մարզիկ՝ 10 մարզաձևերում։
 

Նախարարի խոսքով՝ ԿԳՆ–ն համագործակցել է նաև Պաշտպանության նախարարության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ինչպես նաև Օլիմպիական կոմիտեի հետ։

«Այս պատվիրակությունը ձևավորվել է երկրի համապատասխան մարմինների համատեղ ջանքերով»,– հայտնեց նախարարը՝ հավելելով, որ դժվար է լինել և՛ մարզիկ, և՛ ուսանող, միաժամանակ խոստովանելով, որ ինքը չի նեղանա, եթե մարզիկները կրթության մեջ առաջինը չլինեն, բայց պետք է առաջինը լինեն իրենց սպորտաձևերում։

«Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանի ներկայացմամբ՝ պատվիրակության կազմում մարզիկները հանդես կգան ծանրամարտ, բռնցքամարտ, ատլետիկա, լող, ըմբշամարտ և այլ սպորտաձևերում։

«Մարզաձևերի մեծ մասը այն մարզաձևերն են, որոնք մեր երկրի համար բավական ընդունված են։ Ներկայացված 59 մարզիկների հետ բոլոր մարզաձևերում ներկայացված են նաև մարզիչներ»,–ասաց նա։
 

Վերջինիս փոխանցմամբ՝ թիմի կազմում կան մի շարք ճանաչված մարզիկներ, մարզական պատվիրակության 100%–ը համարվում են տվյալ մարզաձևերի ակումբների անդամներ։