Ավազակային հարձակում Արարատում. վիրավորվել է 22-ամյա երիտասարդ

14:53 • 01.07.13

Ոստիկանության Արարատի բաժնում հունիսի 30-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 01.15-ի սահմաններում Ավշար գյուղում դիմակավորված և զինված 3 անձինք հյուրասենյակի պատուհանից մուտք են գործել Խաչիկ Պ.-ի բնակարան, որտեղ զենքի գործադրման սպառնալիքով հափշտակել են 1.700.000 դրամ և մեկ զույգ ոսկյա ականջօղեր` ադամանդե քարերով` պատճառելով 1.900.000 դրամի նյութական վնաս:

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը՝ ավազակային հարձակման ժամանակ նշված խմբի կողմից կատարված կրակոցների հետևանքով «որովայնի ձախ կողմնային պատի հրազենի կույր վիրավորում» ախտորոշմամբ Արարատ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն բնակարանի բնակիչ, 1991 թ. ծնված Տարոն Պ.-ն:


Նույն օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Երևանի Դավիթ-Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկից, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 1989թ. ծնված, նախկինում դատված Էդգար Կ.-ն և 1965 թ. ծնված, նույնպես նախկինում դատված Ալբերտ Տ.-ն:

Նրանք խոստովանել են, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք:

Անձնական խուզարկությամբ Էդգար Կ.-ի մոտից հայտնաբերվել է ավազակային հարձակման ժամանակ հափշտակված 1.647.000 դրամ գումարը, Ալբերտ Տ.-ի մոտից` սև գույնի, գաղտնի փականով 1 դանակ, իսկ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից՝ հանցագործության գործիքներ հանդիսացող գազային և օդամղիչ ատրճանակներն ու որպես դիմակ ծառայած զուգագուլպաները:

Հայտնաբերված ատրճանակներն ու դանակն ուղարկվել են փորձաքննության:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհրաժեշտ միջոցառումներ ավազակային հարձակման երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն: